Ավստրիան նախատեսում է տարհանել Կիևում դեսպանատան աշխատակիցներին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտնել է, որ Վիեննան նախատեսում է տարհանել Կիևում դեսպանատան աշխատակիցներին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։
«Իհարկե, մենք Կիևում մեր դեսպանատունը տարհանելու ծրագրեր ունենք, բայց այս պահին դրանք դեռ չենք իրականացրել, քանի որ հենց հիմա մեզ անհրաժեշտ է ամբողջ ուժով վերահսկել այնտեղ տիրող իրավիճակը»,- ասել է նա։
Նախարարը հավելել է, որ Վիեննան կգնա նման քայլի, եթե Ուկրաինայում փոխվի սպառնալիքը կամ անվտանգության իրավիճակը։
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Կիևից դիվանագետների տարհանման հատուկ պատճառներ չկան և հորդորել էր չդրամատիզացնել իրավիճակը։
Մինչդեռ Մեծ Բրիտանիան սկսել է Ուկրաինայից տարհանել իր դեսպանատան աշխատակիցների մի մասին։ Այս որոշումն ընդունվել է Ուկրաինա Ռուսաստանի մոտալուտ ռազմական ներխուժման մասին լուրերի ֆոնին։
«Դեսպանատան որոշ աշխատակիցներ և նրանց ընտանիքի անդամները դուրս են բերվում Կիևից՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի: Բրիտանական դեսպանատունը մնում է բաց և կշարունակի իրականացնել հիմնական աշխատանքները», - ասվում է դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 23-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Կիևում ԱՄՆ պետական ծառայողների դեսպանատնից կամավոր հեռանալու մասին որոշմանը և հրամայել ԱՄՆ պետական ծառայողների ընտանիքներին լքել դեսպանատունը՝ ՌԴ-ի կիողմից ռազմական գործողության շարունակվող սպառնալիքի պատճառով։
«Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն մեկնելու մասին՝ օգտագործելով առևտրային կամ մասնավոր տրանսպորտի այլ տարբերակներ:
Տեղեկություններ կան, որ Ռուսաստանը զգալի ռազմական գործողություններ է ծրագրում Ուկրաինայի դեմ։ Անվտանգության պայմանները, մասնավորապես՝ Ուկրաինայի սահմանների երկայնքով, Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում և Ռուսաստանի կողմից վերահսկվող Արևելյան Ուկրաինայում, անկանխատեսելի են և կարող են վատթարանալ առանց նկատառման»,-ասված է Պետդեպի հաղորդագրությունում:
Tert.am