Եթե խոսքը գնում է Արմեն Սարգսյանի լիազորությունների պակասի մասին, նա շատ լավ գիտեր, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվում և այդ խնդիրները ունենալու էին իրենց բնորոշ ընթացակարգը։ Չսպասել այդ ընթացակարգերին և մասնակցություն չունենալ այդ պրոցեսներին, որը վերաբերում է նաև նախագահական ինստիտուտին ու տալ հայտարարություն հրաժարականի մասին, այստեղ որևէ բացատրություն գոյություն չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին` հնարավոր է Արմեն Սարգսյանի վրա գործադրվել են որոշակի ճնշումնե՞ր, Քոչարյանը նշեց. «Ինչպե՞ս կարող է ՀՀ նախագահի վրա ճնշումներ լինեն, ինչպե՞ս եք դա պատկերացնում, ինչի՞ համար։ Հրաժարականի տեքստում հստակ գրված է եղել, որ նախագահը չի ունեցել բավարար լիազորություններ, որպեսզի կարողանա ազդել ինչ-ինչ գործընթացների վրա։ Իշխանությունները ի գիտություն են ընդունել նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը։ Կարծում եմ՝ Արմեն Սարգսյանը բացատրությունները ինքը կտա այս ընթացքում կամ հետագայում»,- ասաց Քոչարյանը։

Դիտարկմանը՝ քննարկումներ կան այն մասին, թե նա այդքան էլ կապված չի եղել Հայաստանի հետ և Հայաստանից դուրս զբաղվել է գործարարությամբ, Քոչարյանը նշեց. «Բայց դա  ում համար է գաղտնիք եղել, բոլորն էլ գիտեն դրա մասին, և Արմեն Սարգսյանը դա չի էլ թաքցրել»։

Անդրադառնալով հարցին` ի՞նչ գնահատական կտա Արմեն Սարգսյանի նախագահության չորս տարիներին, Քոչարյանը նշեց, որ այն լի էր ճգնաժամերով։

«Արմեն Սարգսյանի նախագահ եղած ժամանակահատվածում խոր ճգնաժամ էր։ Հիշում եք հետպատերազմյան իրավիճակը և այն որոշումները, որոնք արագ պետք է կայացվեին նաև Զինված ուժերի կադրային փոփոխությունների առումով։ Այստեղ ունեցել ենք շատ ռիսկային պահեր և այդ ռիսկերը հաղթահարվել են մեր ժողովրդի և գործող իշխանությունների համբերատար գործողությունների արդյունքում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն