Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը, հայտնել է ՀՀ կառավարությունը։
Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Արցախի ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը և Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Պատերազմից հետո, բնականաբար, շատ մեծ մտավախություններ ունեինք՝ կապված սոցիալական վիճակի, մնացած ամեն ինչի հետ: Իհարկե, պարզ է, որ սոցիալական իրավիճակը ոչ միայն Արցախում, Հայաստանում մեր երազածի նման չէ, բայց խոսքը գնում է ընդհանուր առմամբ իրադրության կառավարելիության մասին: Մանավանդ այսօր շատ է քննարկվում նաև սոցիալական իրավիճակը, գնաճը. քովիդով պայմանավորված, ըստ էության, գլոբալ երևույթ է, և մենք չենք կարող առանձին վերցրած դիտարկել խնդիրը:
Մեր այս ամեն ինչին ավելացան նաև պատերազմը, պատերազմի հետևանքները: Եվ այդ առումով կարող ենք արձանագրել, որ առնվազն մենք իրադրությունը համատեղ ջանքերով կարողացել ենք որոշակի կառավարելիության տիրույթում պահել, որպեսզի հետպատերազմական իրավիճակում հումանիտար ճգնաժամեր չառաջանան»:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է.
«Արդեն 300 բնակարան ավարտված է և հանձնված է հիմնականում տեղահանված զոհվածների ընտանիքներին և երկրորդը՝ կարիքավոր, առաջին հերթին, այն ընտանիքներին, որոնք ավելի սուղ վիճակում են: Բնակարանաշինությունն սկսված է 3000 տների շինարարության առումով. մոտ 500 բնակարան մենք հին ֆոնդից՝ գյուղերում առկա ազատ ֆոնդից, վերանորոգել ենք, տրամադրել, մոտ 2000 բնակարան արդեն նախագծվում է, որոնք պետք է սկսենք 2022 թվականին: Այսինքն՝ այդ 5000 բնակարանային շինարարության ծրագրով մենք հիմնականում նաև հին ֆոնդերում, որտեղ չեն ապրում, դրանք էլ վերագործարկելով լուծելու ենք այն խնդիրը, որը մեր առջև դրել ենք:
Ի դեպ, պարոն, վարչապետ, նշեմ նաև, որ, այո, 144 մլրդ դրամի պարագայում մեզ հաջողվելու է լուծել առկա խնդիրները և ոչ միայն բնակարանաշինության: Մենք շատ հավակնոտ ծրագրեր ենք սկսել. կառուցվում է արդեն Բադարա-Ստեփանակերտ խողովակաշարը, որն ամբողջությամբ լուծելու է ոչ միայն Ստեփանակերտի որակյալ խմելու ջրի հարցը, այլ նաև այդ կառուցվող բնակավայրերի, որոնց մի մասը գտնվում է Ստեփանակերտի հարակից տարածքներում: Զուգահեռ արդեն սկսված են Բադարայի ջրամբարի աշխատանքները, որն անկախ Արցախի պատմության մեջ աննախադեպ երևույթ է: Ավարտման փուլում են Սովետար կոչվող ջրանցքի աշխատանքները, որը լրացուցիչ 3000 հեկտար ոռոգման հնարավորություն է տալու: Եվ զուգահեռ, այդ թվում նշեցիք՝ տնտեսական ծրագրերի իրականացման առումով, մեր աշխատանքներն ենք կատարում բազմաթիվ արտեզյան ջրհորների առումով, որպեսզի գյուղատնտեսությունը, որը պիտի դառնա մեր ընդհանուր տնտեսության լոկոմոտիվը, շարժվի առաջ:
«Բեյզ Մեթըլս»-ի առումով նշեմ, որ արդեն հիմնականում աշխատում է 70-80 տոկոս հզորությամբ, դա պլանավորված է: Լուծվել է ջրի, էներգետիկայի մատակարարման հարցը, արտացոլումը պետական բյուջեի մուտքերի մասով՝ եթե 2021 թվականին պլանային եղել է 17 մլրդ, կատարել ենք 34 մլրդ: Այս տարի ծրագրով նախատեսել ենք 40 մլրդ, բայց, իհարկե, մեր սպասելիքները շատ ավելի մեծ են: Դրան զուգահեռ տարբեր բարեգործական ծրագրերով, համագործակցությամբ ջերմոցային տնտեսություններ, այլ ուղղություններ ևս զարգացնում ենք»:
Armeniatoday.news