Մտավախություն կա, որ թուրքերն առաջիկա 1-3 տարիներին Հայաստանի շուկան կլցնեն էժան բանջարեղենով, մրգերով. Սարգիս Սեդրակյան
Մատակարար ընկերությունները Շիրակի մարզի ֆերմերներին զգուշացրել են, որ միջազգային շուկայում տեղի ունեցած թանկացումների պատճառով 6-7 հազար դրամ արժողության պարարտանյութը հողագործին այս տարի կվաճառվի եռակի թանկ։ Նախկին 7000 դրամի դիմաց գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին ազոտական պարարտանյութի 50 կգ-անոց մեկ պարկն առաջարկել են 20 հազար դրամով։ Մատակարար ընկերություններից հասած այս տեղեկությունը գյուղատնտեսների համար լուրջ խնդիրներ է առաջ բերելու։ Մեկ կամ երկու հեկտար հողի մշակությամբ զբաղվող հողագործից մինչև ավելի շատ հեկտարներ ունեցող տնտեսությունները նախորդ տարիների հետ համեմատելով՝ նշում են այն մեծ ծախսերը, որոնք ունենալու են թանկացման հետևանքով։
«Հայաստանում շուտով կսկսվեն գարնան գյուղատնտեսական աշխատանքները, և գյուղացիական տնտեսությունները կհայտնվեն կրախի առջև, քանի որ միջազգային շուկայում թանկացել են գյուղատնտեսական նյութատեխնիկական միջոցների (պարարտանյութի, դիզելային վառելիքի և այլն) վաճառքի գները»,- 168.am-ի հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը՝ հավելելով, որ ամենամտահոգիչն այն է, որ դեռ անցած տարի 6-7 հազար դրամ արժողության 50 կգ-անոց ազոտական պարարտանյութի 1 պարկը վաճառվելու է 3 անգամ ավելի թանկ գնով՝ մոտավորապես 20000 դրամով:
«Ճիշտ է, նախկինում դժգոհում էինք կառավարության կողմից սուբսիդիայով Վրաստանից ներկրված ազոտական պարարտանյութի որակից, մասնավորապես, դժգոհում էինք, որ ներկրվող պարարտանյութի մեջ ազոտի պարունակությունը նախատեսվածից, պարկի վրա գրվածից, պակաս է, սակայն այսպիսի թանկ գին չէինք էլ պատկերացնի: 2018 թվականից սկսած՝ գյուղացիական տնտեսությունները չեն օգտվում պարարտանյութի ձեռքբերման պետական աջակցության ծրագրից։ Վերջերս պարարտանյութի թանկացման հարցով ԱԺ-ում պատգամավորի կողմից բարձրացված մտահոգությանը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատասխանեց, որ իրենք տարբեր երկրների հետ աշխատանքներ են տանում, որպեսզի գյուղացիները կարողանան մատչելի գներով պարարտանյութ ձեռք բերել: Այս թանկացումների ֆոնին, ինչպես նաև կառավարության կողմից երկրի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ներկայիս սխալ ագրարային քաղաքականության շարունակվելու դեպքում, մտավախություն կա, որ հայ սպառող բնակչությանը ոգևորելու, իսկ հայ արտադրող գյուղացիներին հիասթափեցնելու նպատակով թուրքերն առաջիկա 1-3 տարիներին Հայաստանի շուկան կլցնեն էժան բանջարեղենով, մրգերով և այլ գյուղատնտեսական պարենամթերքներով:
Չի բացառվում, որ թուրքական կառավարությունը հատուկ քաղաքական նպատակներով հայերի աչքին «լավ բարեկամ», «բարի կամեցող» և «տարածաշրջանում խաղաղություն ստեղծող լավ հարևան» երևալու համար սկզբնական շրջանում մի քանի միլիոն դոլար գումար ծախսի այս գործընթացը կազմակերպելու համար:
Այս հարցով թուրքերի հետ բարեկամություն քարոզում են նաև որոշ բիզնեսմեն ԱԺ պատգամավորներ, որոնք հավանաբար մենաշնորհային արտոնություն կստանան՝ առաջիկա 1-3 տարիներին էժան գներով Հայաստան ներկրելու թուրքական գյուղատնտեսական նյութատեխնիկական միջոցներ և պարենամթերք՝ դրանով հարստացնելով իրենց բիզնեսը»,- նշեց Սարգիս Սեդրակյանը:
168.am