Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ժնևի «Լա Գրանժ» վիլլա, որտեղ հանդիպում կունենա ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդվում է նաև, որ Պուտինը «Լա Գրանժ»-ում հանդիպել է Շվեյցարիայի նախագահի հետ:

Ավելի վաղ Կրեմլում հայտնել էին, որ բանակցությունները բաղկացած կլինեն երեք մասից՝ նեղ և երկուսը՝ ընդլայնված` թեյի և սուրճի ընդմիջմամբ: Նախորդ օրը հանդիպման նախապատրաստական աշխատանքներին ծանոթ աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ նախատեսվում է՝ դրանք կտևեն 4 ժամ 45 րոպե:

Ռուսաստանի պատվիրակության կազմում, բացի Պուտինից, ներառված են նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը և փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Հրավիրված են նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը և Սիրիայի հարցով նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը:


Նյութը՝ Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն