Այն ինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2021թվականի վերջում, վերահաստատեց երեկ երեկոյան: Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ նրա խոսքերում ոչինչ պատահական չէ: Նա իրականացնում է պլանավորված ծրագիր, որից մի քայլ աջ, կամ ձախ նույնիսկ ինքը չի կարող անել, քանզի նա ոչ թե որոշող է, այլ կատարող: Հատկանշական է, որ նա հայտարարեց, թե այն ինչ հիմա ասում է, նույնը ասում է բանակցությունների ժամանակ, ցույց տալով, որ իր և Ալիևի վերաբերմունքը հակամարտության նկատմամբ համահունչ են: Նախ հայտարարում է, որ բանակցություններին ինքը Արցախի հարցով մասնակցում է ստիպված՝ ուրախ կլիներ, որ չբանակցեր:

Այնուհետև մեզ համոզում է, որ Արցախում ինքնորոշման իրավունք ունեն ոչ միայն հայերը, այլև ադրբեջանցիները, և վերջում նշում, որ քանզի Արցախի հարցը զուտ տարածքային հարց է և մենք ՚՚պարտավոր ենք՚՚ հաշվի առնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանգամանքը, որը ճանաչել է ոչ թե ինքը, այլ նախկինները, դեռևս 1992թվականին: Ուստի, ըստ Նիկոլ Փաշինյանի, մեզ ոչինչ չի մնում, քան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել: Այս ամենը սակայն, Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել ոչ թե ստացած բանակցային ժառանգության արդյունքում՝ որը շատ սիրում է կրկնել, այլ իր նպակադրված արցախակործան ծրագրի իրականացման արդյունքում: 2018թվականը նախ սկսեց «Ես լիազորված չեմ բանակցել Արցախի ժողովրդի անունից» թեզով, այնուհետև սկսեց հպարտանալ իր իսկ հնարած «Ցանկացած լուծում պիտի ընդունելի լինի և՛ Հայաստանի ժողովրդի, և՛ Արցախի ժողովրդի, և՛ Ադրբեջանի ժողովրդի համար» թեզով, վերջին անգամ Արցախում հպարտ հայտարարեց «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», որպեսզի Արցախի հարցը դարձնի տարածքային հարց և ամենավերջում՝ «ՀՀ և Արցախի մոտեցումները լրիվ նույնական են, անգամ՝ նյուանսներում»:

Այս վերջին երկու թեզերը շատ սիրում էր կրկնել նաև Արցախի Հանրապետության նախագահը՝ գիտակցելով, թե ոչ՝ դա այլ քննարկման թեմա է:  Շատերս ենք լսել Լեոնիդ Ազգալդյանի՝ Արցախը Հայաստան է և վերջ արտահայտությունը հայտնի տեսանյութում, որտեղ նա նշում է, թե ինչ էլ ասեն կենտրոնական, ոչ կենտրոնական, ազգային, միջազգային և այլ կազմակերպություններ՝ Սա Հայաստան է և Վերջ, և որ ոչ-ոք չի կարող ասել, թե Արցախն Հայաստան չէ․․․Բայց այսօր հրատապ է փորձել հասկանալ, թե ինչու՞ պետք է Լեոնիդ Ազգալդյանը նման հայտարարություն աներ։ Այդ ի՞նչ «ազգային» և ոչ ազգային, կենտրոնական և ոչ կենտրոնական կառույցներ էին, որոնք ստիպել էին նրան այդ հայտարարությունն անել․․․

 Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն