Պատրաստ են ուղիղ բանակցություններ սկսել Թեհրանի հետ
Ամերիկյան իշխանությունները պատրաստ են ուղիղ բանակցություններ սկսել Իրանի հետ՝ Միջուկային գործարքի համաձայնագրի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Ավելի վաղ, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է այն մասին, որ Թեհրանը կարող է ուղիղ բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, եթե դա անհրաժեշտ լինի միջուկային գործարքի հետ կապված լավ համաձայնության ձեռք բերման համար։
«Մենք պատրաստ ենք ուղիղ հանդիպման։ Արդեն վաղուց այն կարծիքին ենք եղել, որ առավել արդյունավետ կլինի, եթե Իրանի հետ ուղիղ կերպով գործակցենք ինչպես Միջուկային գործարքի համաձայնագրի մասով, այնպես էլ այլ հարցերով։ Դա վերաբերում է թե երկկողմ թե բազմակողմ ֆորմատներին»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ անմիջական հանդիպումը առավել արդյունավետ կդարձներ հաղորդակցությունը, որը անհրաժեշտ է անհապաղ կերպով՝ փոխհասկացության գալու եւ Միջուկային գործարքի համաձայնագրին վերադառնալու համար։
Hraparak.am