Բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն ՄԻՊ բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական․ Թաթոյան
ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական:
Մեր երկրում պետք է դադարի այս խիստ արատավոր երևույթը:
Շաբաթ օրը՝ 2022թ. հունվարի 22-ին հրապարակեցի արտահերթ զեկույց, որը վերնագրված է «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ»: Այս զեկույցին հրապարակային արձագանքել է ՀՀ առողջապահության նախկին նախարարը, որը ներկայում ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր է: Ընդ որում, այս ոլորտում ևս մարդու իրավունքներին քաղաքական երանգ հաղորդելու համար այդ հայտարարությունը տարածել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Բարձրաստիճան նշված պաշտոնյան հեգնական գնահատական տալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օրենքի հիման վրա հրապարակվող արտահերթ զեկույցին` այն անվանել է կողմնակալ:
Այդ պաշտոնյայի հրապարակումից հստակ երևում է, որ նա ոչ միայն ծանոթ չէ շուրջ 150 էջից կազմված զեկույցի բովանդակությանը, այլ զեկույցի վերնագիրն անգամ չի ընթերցել: Ակնհայտ է, որ նա ծանոթ չէ նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. և մյուս տարեկան զեկույցներին` խնդիրների զարգացման կամ նվազման դինամիկայով:
Նախ, գոնե նվազագույն մակարդակով ծանոթ լինելու դեպքում նա կտեսներ, որ զեկույցի վերնագրում ու ողջ տեքստում օգտագործված են ձևակերպումներ, որոնք բխում են օրենքներից, այդ թվում` «հոգեբուժական կազմակերպություն» հասկացությունը. այն նախատեսված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով՝ որպես հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձևով բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող պետական կամ համայնքային հիմնարկ:
Զեկույցի ողջ տեքստում «հոգեբուժարան» բառը գեթ մեկ անգամ օգտագործված չէ:
Խիստ մտահոգիչ երևույթ է, երբ բարձաստիճան պաշտոնյան, ով զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները և հիմա էլ խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյա, կարող է կոնկրետ փաստերի վրա հիմնված Մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտական զեկույցների վերաբերյալ հրապարակային գնահատականներ տալ առանց այդ կարևոր փաստաթղթերի բովանդակությանը ծանոթանալու:
Ավելին, խարանի և խտրականության դեմ պայքարից խոսող բարձրաստիճան պաշտոնատար անձին բարեկամաբար իրազեկում ենք, որ այդ նպատակի համար ոչ միայն պետք է փոխել կազմակերպությունների անուններ ու դա հետո «դարձնել դրոշակ», այլ պետք է զբաղվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների իրական պաշտպանությամբ, նրանց իրական բուժումով ու խնամքով:
Ինչպե՞ս կբացատրի Առողջապահության նախկին նախարարը հոգեբուժական կազմակերպություններում մարդկանց անօրինական պահելու դեպքերն իր պաշտոնավարման օրոք, ինչպե՞ս կբացատրի, որ ակնհայտ օրենսդրական խախտումով մարդկանց ենթարկում են տարբեր բժշկական միջամտությունների,այդ թվում՝ հոգեմետ դեղամիջոցներով բուժման` առանց առհասարակ նրանց համաձայնության: Կամ ինչպե՞ս է ստացվում, որ մարդկանց նկատմամբ բուժում է իրականացվում նրանցից վերցված արհեստական ստորագրություններով, բայց փաստացի առանց նրանց համաձայնության, ինչպե՞ս բացատրել նրանց նկատմամբ ներգործության միջոցներն իրավունքները ոտնահարող եղանակով, ինչպե՞ս բացատրել համայնքահեն ծառայությունների ու բուժման այլընտրանքային մեթոդների բացակայությունը կամ եղածների դեպքում էլ դրանց խիստ անարդյունավետությունը, ինչպես նաև բուժաշխատողների անընդունելի սոցիալական երաշխիքները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը կազմվել է բարձր պրոֆեսիոնալ թիմի (սոցիոլոգ, իրավաբան, հոգեբան, բժիշկ, այդ թվում՝ հոգեբույժ) մասնագիտական աշխատանքի արդյունքում` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ: Բոլորն անցել են հատուկ ուսուցում, մեծ մասը նաև միջազգային կառույցների փորձագետներ են [այդ թվում միջազգային մակարդակի], ղեկավարվում են միջազգայնորեն երաշխավորված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատած ուղեցույցերով, իսկ նրանց մի մասը նաև զբաղվում է իրական գիտական աշխատանքով թե´ Հայաստանում, թե´ արտերկրում:
Զեկույցում կոնկրետ օրինակներով արձանագրված են նաև դրական զարգացումները, բայց դրանք կա՛մ դրվագային են ու վերաբերում են կոնկրետ հաստատության, կա՛մ իրականացվել են Առողջապահության գործող նախարարի օրոք: Նշված են անգամ տարբերակված գերատեսչական ենթակայության խնդիրները Առողջապահության նախարարի հրամանների խախտման տեսանկյունից: Մանրամասները զեկույցում են:
Այնպես որ, ՀՀ առողջապահության նախարարի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձից, ՀՀ ԱԺ կառավարող խմբակցության անդամից խստորեն պահանջում ենք չփորձել քաղաքականացնել մարդու իրավունքների ոլորտը և քաղաքական քողով թաքցնել նախարարի պաշտոնում իր աշխատած ժամանակվա անգործությունն ու մարդու իրավունքների խախտումները»:
Tert.am