Անընդհատ բարիկադներ են դնում՝ 2 կոպեկ ավել տալու համար
Օրերս «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության լրամշակված տարբերակի քննարկման շրջանակներում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կրթական խնդիրներով զբաղվող մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում հայտարարել է նաեւ, որ այսուհետ որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում։ Ըստ լրամշակված նախագծի` որակավորման տարակարգի դիմելու իրավունք կունենան միայն այն ուսուցիչները, որոնք անցել են կամավոր ատեստավորում եւ հավաքել անցողիկ միավորներ: «Տրամաբանական ենք համարում, որ տարակարգ ստանալուց առաջ ուսուցիչն անցնի նաեւ կամավոր ատեստավորում, որը նաեւ աշխատավարձի զգալի աճի հնարավորություն կտա»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ տարակարգի եւ կամավոր ատեստավորման նախատեսվող մեխանիզմներն ուսուցչին մինչեւ 400 հազար դրամ աշխատավարձ ստանալու հնարավորություն կընձեռեն:
Այս փոփոխությունը, սակայն, ոչ միայն չի ուրախացրել ուսուցչական համայնքին, այլեւ խիստ վիրավորել է եւ արժանացել քննադատությունների։ Ուսուցիչները կարծում են, որ սա իրենց դեմ լարված ծուղակ է, որը բնավ չի խոստանում 400 հազար դրամ աշխատավարձ, փոխարենը՝ ավելի է բարդացնելու իրենց աշխատանքը։
Ուսուցիչները թեպետ տեղյակ էին, որ տարակարգի հարցում փոփոխություններ են նախատեսված, բայց հույս էին փայփայում, որ տարակարգի դիմելու չափորոշիչներն ավելի կբարելավվեն, ոչ թե 2 գործընթաց կշաղկապվեն իրար, այն է՝ տարակարգ չես կարող ստանալ, մինչեւ չանցնես կամավոր ատեստավորում։
Զրուցակիցս նկատում է՝ նախկինում տարակարգ ստանալն այդքան էլ բարդ գործընթաց չէր․ բավական էր ունենայիր որեւէ մանկավարժական հանդեսում տպագրված հոդված կամ հանդիսանայիր դասագրքի հեղինակ, օլիմպիադաներում հաղթած սաներ ունենայիր, դպրոցի կոլեկտիվը դրական եզրակացություն էր տալիս, եւ այդ փաստաթղթերը բավական էին լինում, որպեսզի դիմեիր եւ ստանայիր 1-ին տարակարգ։ Գրեթե նույն պահանջներն էին գործում նաեւ մյուս տարակարգերի դեպքում՝ չնչին փոփոխություններով։ Հիմա բավական չէ, որ փոխել են գործընթացը, դեռ մի բան էլ տեղյակ չեն, թե ինչ պահանջներ են ներկայացված այդ տարակարգերին դիմելու եւ ստանալու համար։ Այս փոփոխության արդյունքում ստացվում է, որ չես կարող դիմել տարակարգ ստանալու համար, քանի դեռ չես անցել կամավոր ատեստավորում․ սրանով ԿԳՄՍՆ-ն տարակարգ ստանալու գործընթացը ոչ միայն բարդացնում, այլեւ ավելի է հեռացնում ուսուցիչներից։ «Բավական չէ, որ ուսուցիչների այս խղճուկ աշխատավարձը չեն բարձրացնում, դեռ մի բան էլ նոր բարիկադներ են շարում ու ամեն ինչ անում են, որ էդ 2 կոպեկն էլ չստանան ուսուցիչները»,- նկատում է զրուցակիցս։
Ի դեպ, տարակարգերի ընձեռած ֆինանսական հավելավճարը գոնե նախկինում շատ սիմվոլիկ գումար էր կազմում․ 1-ինի դեպքում՝ 10 հազար, 2-րդի դեպքում՝ 15 հազար դրամ, 3-4-րդ տարակարգերի պահանջներն ավելի բարդ էին, եւ շատերը նույնիսկ չէին էլ դիմում, գումարած դրան՝ տարակարգերին դիմելու արանքում 3 տարի ընդմիջում էր պահանջվում, այս նոր կարգով թեպետ հնարավոր է տարիներով չսպասել եւ միանգամից հավակնել 4-րդ տարակարգին, բայց շաղկապելով այն կամավոր ատեստավորման գործընթացի հետ՝ նախարարությունը կրկնակի խնդրի առաջ է կանգնեցնում ուսուցիչներին, ընդ որում «դեռ հում բանի առաջ՝ կամավոր ատեստավորման, որը քեզնից ուզում է, որ դնես, շտեմարանն անգիր անես, եթե ճշգրիտ գիտությունների դեպքում ավելի հեշտ է, եւ ավելի լավ արդյունքներ են եղել, ապա հումանիտար, անգամ բնագիտական առարկաների դեպքում ցուցանիշները լավ չեն եղել»։
Նախարարությունը տրամաբանական էր համարել, որ տարակարգ ստանալուց առաջ ուսուցիչն անցնի կամավոր ատեստավորում, ինչն ընդունելի չէ ուսուցչական համայնքի համար։ Ըստ ուսուցիչների, նախարարությունը տարբեր գործընթացները շաղկապել է իրար՝ սահմանել անիրատեսական աշխատավարձի մի չափ՝ 400 հազար, որը հաղթահարելի չէ մեծամասնության համար․ «Շատ ուսուցիչներ այդ կամավոր ատեստավորմանը դեռ նայում են որպես փորձություն, վիրավորական մի բան, որն իրենց վաստակի, կենսափորձի դիմաց շատ ցածր նշաձող է։ Իսկ պարտադիրի տարրը նշանակում է, որ ավելի քիչ դիմողներ կլինեն, հետեւաբար՝ ավելի քիչ մարդ կհավակնի 400 հազար դրամ աշխատավարձ ստանալու հեռանկարին։ Հետո․ 400 հազար ստանալու համար ստացվում է, որ մեկ դրույքից ավելի դասաժամ պետք է ունենաս, թեստի ամենաբարձր միավորները պետք է հավաքես, տարակարգի 4-րդ աստիճանն ունենաս, որ նոր ստանաս 400 հազար դրամ աշխատավարձ։ Էդ 400 հազարն էլ երեւի 4 հոգի հազիվ ստանան, անընդհատ բարիկադներ են դնում՝ 2 կոպեկ ավել տալու համար, բայց այդ կարգը մշակողները հաստատ կես միլիոնով էլ չեն ուզի դասարան մտնել»։
Նախատեսված փոփոխության մասով ԿԳՄՍՆ-ն կարծիքներ չի պահանջել դպրոցներից, թեպետ ուսուցիչներն այն ավելորդ ու անիմաստ են համարում, քանի որ իրենց ուղարկած կարծիքների հետ հաշվի նստող չկա։
Ֆեյսբուքյան ամենամեծ խմբերից մեկում Գյումրու թիվ 26 ավագ դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Կիրակոսյանը ծավալուն անդրադարձ էր կատարել այս փոփոխությանը՝ նշելով, որ ցավով եւ ստիպված է գրում․ «Երկար, շա՜տ երկար ամիսներ կարդում էի տարբեր մեկնաբանություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին ու մտորում՝ ճի՞շտ են, թե՞․․․ Լռում էի՝ սպասելով, հույսով ու հավատով, որ ուսուցիչների համար մի հրաշալի որոշում կկայացնեն, ու հանկարծ կարդում եմ տիկին Ժաննա Անդրեասյանի ներկայացրած օրենքի նախագիծը. «Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչը պետք է անցնի կամավոր ատեստավորում»։ Երբե՛ք չեմ խոսել իմ մասին, իմ ես-ի մասին, ինքնագովազդով երբե՛ք չեմ զբաղվել, քանզի ստացել եմ խորհրդային դաստիարակություն թե՛ տանը, թե՛ դպրոցում, թե՛ բուհում. «Դու մի՛ ներկայացրու քեզ, թող ուրիշը ներկայացնի»։ Կներեք, խնդրում եմ, այսօր պետք է ներկայանամ՝ կապված ատեստավորման հետ։ Հարգելի կառավարություն, սիրելի տիկի՛ն Անդրեասյան, դուք, որ որոշումներ եք կայացնում, երբեւէ ձեր մտքով անցնո՞ւմ են երկար, շա՜տ երկար ճանապարհ անցած մանկավարժներ, վաստակավոր ու վաստակաշատ, մե՜ծ փորձ ունեցող մասնագետ մանկավարժներ, ինչպես նաեւ նրանց տարիքը։ Ինքս ու ինձ նման շատ-շատերը շուտով գնում ենք թոշակի։ Ի՞նչ եք կարծում, մեր հեղինակությունը եւ արժանապատվությունը թույլ կտա՞ն գալ ու դիմորդի նման թեստ գրել, այն դեպքում, երբ մեր դիմորդները տարիներ շարունակ գերազանց քննություններ են հանձնել՝ ընդունվելով լավագույն ֆակուլտետներ։ Բարի լինեիք բոլոր մանկավարժների աշխատավարձն արժանապատիվ բարձրացնել (Վրաստանի օրինակով), հետո նոր կայացնել որոշում։ Փառք ու պատիվ այն բոլոր մանկավարժներին, ովքեր երկար տարիներ ոչ միայն գիտելիքներ են հաղորդել, այլեւ մարդ ու քաղաքացի են կրթել ու դաստիարակել, ում շնորհիվ եղավ այս հեղափոխությունը, ու դուք եկաք իշխանության։ Այո՛, հեղափոխությունը տեղի ունեցավ մեր կրթած ու դաստիարակած երիտասարդների շնորհիվ, հետեւաբար, նրանց ուսուցիչները պետք է ապրեն արժանապատիվ։ Մի՛ արեք այնպես, որ ուսուցիչների մի մեծ բանակ հեռանա կրթական համակարգից»։
Hraparak.am