ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի խոսքն Ուկրաինայի մասին, ընդգծել է, որ երկրի արտաքին քաղաքականությունը ձևավորում է ռուսական պետության ղեկավարը:

«Ցանկանում եմ հիշեցնել, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմքը ձևավորում է ռուսական պետության ղեկավարը: Եվ, ի ուրախություն մեզ բոլորիս, ռուսական պետության, որի կազմում ընդգրկված է նաև Չեչնիայի Հանրապետությունը, ղեկավարը Վլադիմիր Պուտինն է»,- հայտարարել է Պեսկովը:

Միևնույն ժամանակ վերջինս նշել է, որ երկրի սահմանադրությունը թույլ է տալիս Կադիրովին իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում: «Ինչպես և Ռուսաստանի բոլոր քաղաքացիները, Ռամզան Կադիրովը կարող է իր թեկնածությունն առաջադրել հաջորդ նախագահական ընտրություններին: Այդ իրավունքն ամրագրված է ՌԴ սահմանադրությամբ յուրաքանչյուր քաղաքացու համար, որը հասել է որոշակի տարիքի»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ իր ինստագրամյան էջի ուղիղ եթերում Կադիրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի փոխարեն ինքը «վաղուց կվերցներ Ուկրաինան, զորքեր կուղարկեր այնտեղ և կարգուկանոն կհաստատեր»:

Դեկտեմբերին Կադիրովը կարծիք էր հայտնել, որ եթե Ուկրաինան շարունակի հակառուսական քաղաքականությունը, ապա հանրապետությունը «պետք է միակցել Ռուսաստանին»: 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն