Չեմ բացառում, որ թուրքերի հետ բիզնես ծրագրեր լինեն․ Արթուր Խաչատրյան
Թուրքիան երբեք չի թաքցրել իր կողմնակալ դիրքորոշումը Արցախ-Ադրբեջան հարաբերություններում։ Ավելին՝ Թուրքիան եղել է հակամարտության կողմ։
Թուրքիան իր հարաբերությունները Հայաստանի հետ միշտ պայմանավորել է Հայաստան- Արցախ- Ադրբեջան փոխադարձ վերաբերմունքով։
Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման շուրջ։
Ընդդիմադիր պատգմավորը չի հավատում, որ Թուրքիայի հետ հնարավոր են առանց նախապայմանների և կառուցողական բանակցություններ և հարաբերություններ։
Նա մատնանշեց, որ Թուրքիայի նախապայմանները պայմանավորված են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններով։
«Միգուցե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելով՝ բիզնես պրոյեկտներ կլինեն, որոնցից իշխանության ներկայացուցիչները կշահեն, բայց Հայաստանը դրանից կտուժի։ Թուրքական կողմն արդեն իսկ իր նախապայմաններն առաջ է քաշել։ Ասում են՝ առանց նախապայմանների հարաբերություններ, բայց դա ազդակ է արտաքին աշխարհին և հայ հասարակությանը։ Սակայն, Թուրքիան ունի նախապայմաններ և դրանից չի էլ հրաժարվում։ Հայաստանի իշխանությունը պետք է նախապայման առաջ քաշի, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առանձնացնեն Հայաստան- Արցախ-Ադրբեջան հարաբերություններից, որովհետև բոլորին դրել են մի կաթսայի մեջ։ Օրինակ, Թուրքիան «3+3» ֆորմատով հանդես է գալիս որպես Արցախյան խնդրի լուծման կողմ։ Մենք Թուրքիայի հետ երբեք Ադրբեջանի հետ կապված հարցերը չենք քննարկել»,- նշեց նա և հավելեց, որ Հայաստանի և Թուրքիայի բանակցային հզորությունները շատ տարբեր են։
Նա չբացառեց, որ թուրքերի հետ բիզնես ծրագրեր լինեն։
Armeniatoday.news