Խորվաթիայի վարչապետը ուկրաինացիներից ներողություն է խնդրել երկրի նախագահի խոսքերի համար
Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչն արձագանքել է նախագահ Զորան Միլանովիչի այն խոսքերին, թե Ուկրաինան «տեղ չունի ՆԱՏՕ-ում», իսկ Արժանապատվության հեղափոխությունը «պետական հեղաշրջում» էր։ Այս մասին հայտնում է Dnevnik հրատարակությունը։
Պլենկովիչն ասել է, որ երկրի նախագահի խոսքերը կապ չունեն կառավարության դիրքորոշման հետ, և Ուկրաինայից ներողություն է խնդրել։ Մեկնաբանելով Միլանովիչի խոսքերը՝ նա հավելել է, որ «կարծել էր, թե դա ասել է ռուս պաշտոնյան»։
«Խորվաթիայի քաղաքականությունն է՝ նվազեցնել լարվածությունը, կանխել հնարավոր հակամարտությունը և աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,- վստահեցրել է Պլենկովիչը։
Խորվաթիայի նախագահի հայտարարություններից հետո Խորվաթիայի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ։ Ուկրաինայի ԱԳՆ-ն պահանջել է հրապարակավ հերքել Միլանովիչի խոսքերը։
Tert.am