«Եթե Բելառուսը թույլ տա իր տարածքն օգտագործել Ուկրաինայի վրա հարձակման համար, ապա կբախվի ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների արագ և վճռական պատասխանին». Պետդեպ
Վաշինգտոնը տեղեկացրել է Մինսկին, որ վերջինս կբախվի Արևմուտքի արագ և վճռական պատասխանին, եթե թույլ տա իր տարածքն օգտագործել Ուկրաինայի վրա հարձակվելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանի Դաշնությանն ենք պարզ հայտնել ծանր գնի մասին, որը կարող են իրենց վրա կրել առաջ շարժվելու դեպքում, վերջին օրերին մենք նաև հասկացրել ենք Բելառուսին, որ եթե նա թույլ տա իր տարածքն օգտագործել Ուկրաինայի վրա հարձակման համար, ապա կբախվի Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների ու գործընկերների արագ և վճռական պատասխանին»,-ասել է Փրայսը:
Փրայսի խոսքով՝ նման իրավիճակում ՆԱՏՕ-ն կարող է դաշինքի ուժերը համալրել Բելառուսին սահմանակից երկրներում։
Tert.am