Թուրքիան պիտի փոխհատուցում վճարի գերմանացի լրագրողին կալանքի տակ պահելու համար․ Եվրադատարան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշել է, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի ազատության և անվտանգության մասին 5-րդ և խոսքի ազատություն մասին 10-րդ կետերը՝ կալանքի մեջ պահելով գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին։ Ըստ այդմ՝ Թուրքիան պետք է Դենիզ Յուջելին որպես բարոյական փոխհատուցում վճարի 12.300 եվրո և ևս 1000 եվրո դատական ծախսերի համար։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
Լրագրող Դենիզ Յուջելը, որը 5 տարի առաջ էր դիմել ՄԻԵԴ-ին, Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ գոհացուցիչ բնորոշելով կայացված վճիռը։ Յուջելը, սակայն, քննադատել է, որ դատարանը խոշտանգման արգելքի խախտում չի տեսել գործում՝ չնայած ինքը 9 ամիս շարունակ մեկուսացված է եղել Սիլիվրիում, 3 օր ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական բռնության և այդ ամենը քաղաքական հրահանգներին համապատասխան է իրականացվել։
Հիշեցնենք, որ Թուրքիայում «Die Welt» թերթի ներկայացուցիչ Դենիզ Յուջելը ձերբակալվել էր 2017 թվականի փետրվարի 14-ին «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն անելու» և «ժողովրդին ատելության և թշնամանքի հրահրելու» մեղադրանքներով։ Նրա կալանավորումը լարվածություն էր առաջացրել թուրք-գերմանական հարաբերություններում։
Armeniatoday.news