««Տղամարդլամիշ» լինող Նիկոլ Փաշինյանը վախեցավ ՀԱԿ-ի հետ ուղիղ բանավեճից». Լևոն Զուրաբյան
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին բանավեճի հանրային հեռուստատեսության եթերում հունիսի 17-ին կայանալիք բանավեճում։ Ես պատասխանել էի, որ Հայաստանի համար մի նոր նվաստացում կլինի մեր երկրի հաղթանակի խորհրդանիշ Տեր-Պետրոսյանի և Հայաստանի պարտության և նվաստացման խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի միջև բանավեճի պատկերը։ Ես ասել էի նաև, որ քանի որ ես Հայաստանի հաղթանակի խորհրդանիշ չեմ և եթե նա շատ է ուզում բանավիճել Հայ ազգային կոնգրեսի հետ, պատրաստ եմ ներկայացնել Կոնգրեսին գալիք բանավեճում։
Նման պատասխան տվողները հավանաբար մոռացել են, որ խոսքը նախագահական ընտրությունների մասին չէ, որտեղ, իրոք, կարող էին մանակցել միայն կոնկրետ պաշտոնի համար մրցող թեկնածուները։ Գործող սահմանադրությամբ Ազգային Ժողովի ընտրությունները կուսակցությունների մրցույթ է, հետևաբար, կուսակցությունները պետք է ունենան հավասար իրավունք մասնակցելու բանավեճին, ընդ որում, ընտրել այն անձին, որը կներկայացնի կուսակցությանը բանավեճում։
Փաստորեն «տղամարդլամիշ» լինող Նիկոլ Փաշինյանը վախեցավ Հայ Ազգային Կոնգրեսի հետ ուղիղ բանավեճից։ Երբեք չենք կասկածել, որ նա սարսափում է Կոնգրեսի քննադատությունից, որովհետև այն դուրս է հայհոյանքների հարթությունից, որում ԺՊ-ն իրեն զգում ինչպես ձուկը ջրում, և հիմնված է անհերքելի փաստարկների վրա, որոնց նա պատասխան չունի»