Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ գործադիր իշխանության պատասխանատուների, Արցախի ներդրումային, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների, «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության և Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարը նշել է, որ, իր կողմից որդեգրած քաղաքականության համաձայն, թափանցիկ գործելաոճի և հավասար հնարավորությունների ստեղծմանն ուղված ջանքերի գործադրման շրջանակներում վերոնշյալ երեք ֆինանսական կառույցների հոգաբարձուների խորհուրդներում այսուհետ կընդգրկվեն նաև խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Նա միևնույն ժամանակ հանձնարարել է նշյալ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներին ավելի հրապարակային ու թափանցիկ կերպով աշխատել հանրության ու լրատվամիջոցների հետ:

«Նպատակը պետական քաղաքականության շրջանակում ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության և թափանցիկության մակարդակի բարձրացումն է: Քաջատեղյակ եմ, որ հանրության շրջանում այս առումով ձևավորված են տարբեր մտահոգություններ, և դրանք փարատելու համար մեր քաղաքացիներն իշխանություններից սպասում են գործնական քայլեր: Կարծում եմ՝ խորհրդարանական ուժերի ներգրավվածությունն այս գործընթացում լավագույն ձևաչափերից մեկն է արդարության և վստահության ավելի մեծ միջավայր ձևավորելու համար»,- ասել է ԱՀ նախագահը՝ իր շնորհակալությունը հայտնելով քաղաքական ուժերին` ցուցաբերած համագործակցության ու պատրաստակամության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետպատերազմյան ժամանակահատվածում երկրի տնտեսության վերականգնման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ընդգծվել է նոր մոտեցումների ցուցաբերման ու ծավալների ավելացման անհրաժեշտությունը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն