Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում նոր ջրատար կկառուցվի. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահների աջակցությամբ մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների բնակիչների համար նախատեսված ջրատարի շինարարությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների աջակցությամբ սկսվել է ջրամատակարարման կենտրոնացված համակարգի կառուցումը՝ Ճարտար համայնքի և Մարտունու շրջանի մոտակա գյուղերի բնակիչներին ջուր հասցնելու համար»,- հայտնում են գերատեսչությունից:
Ռուս խաղաղապահներն ապահովում են շինարարական աշխատանքների անվտանգությունը:
Ջրատար համակարգի տեղակայման աշխատանքները կավարտվեն մեկ շաբաթից: Ջրատարի և արտաքին ցանցի մոնտաժային աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև ամսվա վերջ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Tert.am