Ուղիղ ասեմ՝ վատ նպատակ է. Արթուր Վանեցյանը՝ հունիսի 21-ին հրապարակում հավաքվելու Փաշինյանի կոչի մասին
Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին անվտանգության հարցերը մեր ժողովրդի համար առաջնային են. «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է «ներքին անվտանգության» մասին։ Նշել է, որ դա միջոցառումների, մեթոդների և միջոցների համալիր է, որն ապահովում է ազգային շահերի պաշտպանությունը ՀՀ տարածքում գտնվող օբյեկտներից բխող սպառնալիքներից։
«Դա իմ մասնագիտությունն է»։ Վանեցյանը նշել է, որ այս պահին կարևոր է նաև մեկ այլ բան. Փաշինյանն իր կողմնակիցներին արդեն կոչ է արել ընտրություններին հենց հաջորդ օրը հավաքվել մայրաքաղաքի հրապարակում։ Այդ հավաքի նպատակն անձամբ իր համար հասկանալի է և հաստատվում է տեղեկացված աղբյուրներից ստացվող որոշակի տեղեկություններով։
«Ուղիղ ասեմ՝ վատ նպատակ է։ Գիտակցելով, որ չնայած հսկայական վարչական ռեսուրսի ներգրավմանը, ընտրություններն իր համար տանուլ են տրված, նա փորձում է խարխլել ներքաղաքական իրավիճակը»։
Վանեցյանը հավելել է, որ ինչպես էլ իրադարձությունները զարգանան, պետք է հիշել, որ խոսքը քաղաքացիների մասին է, և պետք է ամեն ինչ անեն, որ որևէ բախում թույլ չտան։ Իսկ դրա համար յուրաքանչյուրը, առանց ծուլանալու, պետք է գնա ընտրության և իր քվեարկությամբ ընդմիշտ ազատվի Փաշինյանից՝ նրան նետելով պատմության աղբանոցը։
«Մենք պետք է ինքներս անենք դա, ոչ ոք մեր փոխարեն չի անի։ Կարևոր է յուրաքանչյուրի ձայնը։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեր համաքաղաքացիների մի մասը դեռևս Նիկոլի լկտի ստի ու մանիպուլյացիաների ազդեցության տակ է։
Եվ մենք փորձում ենք քարոզարշավի ընթացքում նման մարդկանց՝ մեր եղբայրներին ու քույրերին, դուրս բերել զոմբիացված վիճակից։ Գուցե դա 100 տոկոսով չհաջողվի, բայց այսօր մեր ժողովրդի ու մեր քաղաքական ուժերի համար այլ ճանապարհ չկա»։
Վանեցյանն իրավապահ մարմինների սպաներին կոչ է անում ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը, պատվով կատարել օրենքներով և Սահմանադրությամբ դրված խնդիրը, եթե Փաշինյանը գործնականում փորձի բախումներ հրահրել:
«Այս ինստիտուցիոնալ ռասիստին պետք է վերջ դրվի»,- ասել է Վանեցյանը։