Ադրբեջանցիները կրակել են Կարմիր Շուկայի ուղղությամբ․ ԱՀ ԱԺ պատգամավոր
Ադրբեջանցիները կրակել են Կարմիր շուկայի ուղղությամբ, երբ անցնելիս է եղել ադրբեջանական շարասյունը։
Այս մասին Armenia Today-ին հայտնել է ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Գյուղի շուրջբոլորն են կրակել։ Ավելի շատ զգուշացում է եղել՝ կապված օրեր առաջ տեղի ունեցածի հետ։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ Կարմիր շուկայի բնակիչները ադրբեջանական շարասյան համար փակել էին Կարմիր շուկայի ճանապարհը։ Դա իրենց պատասխանն է եղել բնակիչներին»,- ասաց պատգամավորը։
Նա հայտնեց, որ կրակոցները հնչել են այսօր՝ մոտ մեկ ժամ առաջ, երբ երեխաները դեռ դպրոցում էին։
«Հենց շարասյունն անցել է, կրակոցները դադարեցրել են։ Այսինքն, նպատակային այնպես են արել, որ բնակիչները հասկանան, թե իրենք ինչու են կրակում։ Երբ տղամարդիկ ճանապարհը փակել էին, իրենք անընդհատ իրավիճակը ներկայացնում էին այնպես, թե հայկական կողմը չի հարգել ռուս խաղաղապահների ներկայությունը, որովհետև այդ ճանապարհը վերահսկում են ռուս խաղաղապահները, և իրենք են ուղեկցում ադրբեջանական շարասյանը։ Բայց, փաստորեն, ադրբեջանցիներն իրենց քայլերով յուրաքանչյուր վայրկյան հակառակն են ապացուցում, որովհետև կրկին ռուս խաղաղապահներն էին ուղեկցում, բայց կրակողն իրենք էին։ Իսկ մեր խաղաղ բնակիչներն ուղղակի անզեն կանգնել ու պահանջել էին իրենցից գողացված կենդանիներին։ Փաստորեն, հենց իրենք են ռուս խաղաղապահներին չհարգողը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Armeniatoday.news