ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Թոմաս Շրապելին և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի գրասենյակների համար պատասխանատու Յան Ֆիլիպ Վյոլբերնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչներին՝ նախարար Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել հիմնադրամի առաքելությունը մեր երկրում և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել:

Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարարն ընդգծել է  երիտասարդների համար Գերմանիայի բարձրակարգ համալսարաններում կրթություն ստանալու հնարավորությունը:

Հանրակրթության ոլորտում Վահրամ Դումանյանն առաջարկել է համագործակցել հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում դասագրքերի մշակման և ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ:

Նախարարը կարևորել է նաև STEM բնագավառում համատեղ կրթական ծրագրերի իրականացումը: Այդ համատեքստում Վահրամ Դումանյանը նշել է արհեստական բանականության թեմայով հունվարի 31-ին նախատեսված համաժողովին վերոնշյալ հարցերի քննարկման անհրաժեշտությունը:

«Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Թոմաս Շրապելն իր հերթին նշել է, որ հիմնադրամն արդեն 5 տարի սերտորեն համագործակցում է ԿԳՄՍ նախարարության հետ, և այդ շրջանակում իրականացվել են մի շարք համատեղ ծրագրեր: Նա ընդգծել է, որ ՀՀ-ում հիմնադրամի գործունեությունը վերջին տարիներին քառապատկվել է:

«Հայաստանում հիմնադրամի համար ստեղծված են գերազանց պայմաններ, և մենք ունենք շատ լավ գործընկերներ: Սրանք այն նախադրյալներն են, որոնք մեզ հիմք են տալիս ընդլայնելու մեր գործունեության շրջանակը»,- շեշտել է Թոմաս Շրապելը:

Նա փաստել է հիմնադրամի աջակցությամբ ՀՀ դպրոցների համար «Հասարակագիտություն» առարկայի դասագրքի և մեթոդական ուղեցույցի մշակման աշխատանքները: Թոմաս Շրապելի խոսքով՝ Արևելյան գործընկերության որևէ երկրում երբևէ նմանօրինակ ծրագիր չի իրականացվել, և Հայաստանում դրա իրագործումը բացառիկ երևույթ է, ինչը վկայում է նաև հայկական կողմի շահագրգռվածության մասին:

Թոմաս Շրապելն անդրադարձել է նաև հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ուսուցիչների վերապատրաստման ծրագրին՝ ընդգծելով, որ վերջին երկու տարիներին վերապատրաստվել է Երևանի և ՀՀ մարզերի շուրջ 400 ուսուցիչ: Նա նաև տեղեկացրել է, որ հիմնադրամն աջակցում է հայ երիտասարդ, շնորհաշատ և տաղանդավոր մասնագետներին. 25 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ: Թոմաս Շրապելը փաստել է, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել կոնկրետ նպատակային ծրագիր՝ երիտասարդներին աջակցելու համար:

Հանդիպման կողմերը պատրաստակամություն են հայտնել մշակելու համագործակցության ընդլայնման նոր օրակարգ, որի շրջանակում կիրագործվեն համատեղ նոր ծրագրեր:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն