Պուտինի դեմ սանկցիաները կազդե՞ն Հայաստանի վրա
Ռուսաստանին սպառնացել են նոր սանկցիաներով, իսկ ահա ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ հանրայնացնել Ռուսաստանի կողմից ներկայացված անվտանգության երաշխիքների տրամադրման առաջարկին իրենց կողմից ներկայացված պատասխանները:
«Վերոնշյալ փաստաթուղթը ակնարկների տեսքով է ներկայացվում։ ՌԴ-ի խնդիրն այն է, որ իր պահանջները բավարարեն, բավարարեն՝ գրավոր։ Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները կարելի է դիտարկել որպես ուժային բանակցություններ»։ Այսօր «Հրապարակի» հետ զրույցում այսօրինակ տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Հրապարակայնորեն երկու կողմերն էլ անզիջում դիրքերից են հանդես գալիս, սակայն, կարծում եմ, որոշակի կոմպրոմիսներ լինելու են։ ՌԴ-ն ստացել է գրավոր փաստաթուղթ, ընդ որում՝ ԱՄՆ-ն խնդրում է, որ փաստաթուղթը չհրապարակվի։ Սա նշանակում է, որ փաստաթղթում առկա են որոշակի դրույթներ, որոնք կբավարարեն Ռուսաստանին։ Ինչ վերաբերում է սանկցիաների սպառնալիքին, ապա այս կերպ ցանկանում են կապել ռուսների ձեռքերը, որպեսզի Ուկրաինայում հնարավոր էսկալացիայի դեպքում սանկցիաների միջոցով, նշեմ նաեւ, որ սանկցիաները ոչ միայն քաղաքական են ու տնտեսական, այլեւ կարող են ուղղված լինել ՌԴ նախագահ Պուտինի դեմ։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Բայդենն օրերս հայտարարեց։ Մեկ նախադասությամբ՝ սանկցիաները ՌԴ-ի համար նախատեսված զսպաշապիկ են»։
Այն հարցին էլ, թե Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր բախումներն ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա, Վիգեն Հակոբյանը նշեց հետեւյալը․
«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Ռուսաստանի թուլացումը կարող է լրջագույն ազդեցություն թողնել նաեւ Հայաստանի տնտեսության վրա»։
Hraparak.am