Այսօր մեր զինված ուժերի՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակն է. Հայոց կանոնավոր բանակը 30 տարիների ընթացքում դարձել է մեր ուժը, մեր հպարտությունն ու մեր պարծանքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շնորհավորում եմ հերոսական մարտերում ծնված Հայոց բանակի տարեդարձը: Ինչպես մեր պետության, մեր բոլորի, այնպես էլ բանակի համար դժվարին ժամանակներ են: Բանակը ցավալիորեն անդառնալի կորուստներ ունեցավ 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում: Սակայն վստահ եմ, մեր հավաքական հավատը մեկն է՝ Հայոց բանակը, հայ զինվորը չի պարտվել:

Ավելին՝ միահամուռ ջանքերով և ազգային նվիրումով մեր զինված ուժերն ավելի են հզորանալու:

Խոնարհումս բոլոր այն զինվորների, սպաների ու ազատամարտիկների վառ հիշատակին, ում անմնացորդ նվիրումի շնորհիվ դեռ շատ սերունդներ ապրելու և արարելու են մեր հայրենիքում: Հավերժ փա՛ռք:

Այս օրը հավասարապես բոլորինս է՝ սահմանին կանգնած զինվորինը, ծնողինը, Արցախի ազատագրման և պաշտպանության համար իր կյանքը չխնայած հերոս տղերքինը և յուրաքանչյուր այն հայինը, ով հայ զինվորի համար աղոթք է հղում առ Աստված:

Այս պահին էլ մեր երկրի անդորրը հսկում են դիրքերում կանգնած զինվորն ու սպան՝ ուս ուսի: Թո՛ղ նրանց ծառայությունն անփորձանք լինի և թո՛ղ խաղաղություն տիրի մեր սահմաններին:

Փա՛ռք հայոց բանակին...

Աստված պահապան բոլորիս


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն