ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր կուսումնասիրի Արևմուտքի պատասխաններն անվտանգության երաշխիքների առաջարկներին և դրանից հետո կկողմնորոշվի հետագա գործողությունների հարցում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռուսական կողմը ուշադիր ուսումնասիրում է հունվարի 26-ին ստացված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գրավոր պատասխաններն անվտանգության երաշխիքների մասին, ինչից հետո կկողմնորոշվի իր անելիքների հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պուտինը զրույցի ընթացքում նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հաշվի չեն առել Ռուսաստանի սկզբունքային մտահոգությունները:

«Ամերիկյան և նատոյական պատասխաններում այդպես էլ հաշվի չի առնվել ՌԴ-ի սկզբունքային մտահոգությունները, ինչպիսին են ՆԱՏՕ-ի ընդլայնման անթույլատրելիությունը, ռուսական սահմանի մոտ սպառազինման հարվածային համակարգերի տեղակայումը, ինչպես նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի և ենթակառուցվածքների վերադարձը 1997 թվականի դիրքեր, երբ ստորագրվել էր Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, Արևմուտքն անտեսել է նաև այն առանցքային հարցե, թե «ինչպես են ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները մտադիր հետևել ԵԱՀԿ և ՌԴ-ՆԱՏՕ փաստաթղթերում ամրագրված անվտանգության անբաժանելիության սկզբունքին, որի համաձայն՝ մի երկրի անվտանգությունը չպետք է կառուցվի մյուսի անվտանգության հաշվին»:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն