«Հրապարակ». Իշխանությունը Երևանի քաղաքապետի պաշտոնը կդարձնի՞ նշանակովի
Իշխանական եւ մերձիշխանական շրջանակներում վտանգավոր իդեաներ են քննարկվում՝ կապված սահմանադրական առաջիկա գործընթացների հետ։ Եթե դրանք իրականություն դառնան, Հայաստանը վերջնականապես կբռնի բռնապետության ուղին: Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն արտախորհրդարանական ուժերի հետ ավանդական հանդիպումների ժամանակ վերջին շրջանում հաճախ է քննարկում սահմանադրական փոփոխությունների թեման, առաջարկում է տեսակետներ հնչեցնել, որոնք կդարձնեն քննարկման թեմա: Նրա «հաճախորդներից» մեկը, ոչ ավել-ոչ պակաս, առաջարկել է ՏԻՄ մարմինները, նախեւառաջ Երեւանի քաղաքապետի պաշտոնը, ընտրովիից դարձնել նշանակովի: Նա իր առաջարկը հիմնավորել է այսպես, թե՝ ընտրությունները Հայաստանում պառակտում են ժողովրդին:
Հիշեցնենք, որ ՏԻՄ մարմինների կարգավորումները Սահմանադրությամբ են տրվում: Իշխանական թիմում բավականին լուրջ են ընդունել այս իդեան, հատկապես, որ դրանով կլուծվի Երեւան քաղաքի հարցը։ Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դիրքերը թույլ են հատկապես քաղաքամայր Երեւանում, սրանով է նաեւ պայմանավորված, որ Երեւանում չգնացին արտահերթ ընտրությունների, այլ իր կուսակցությունից ճամբարափոխ մեկին կարգեցին քաղաքապետ: Իսկ մարզերում ՔՊ-ի վիճակն ավելի բարվոք է, թեեեւ ՏԻՄ ընտրություններում ոչ բոլոր տեղերում կարողացան հաղթել: Եթե կյանքի կոչվի այս իշխանամերձ «հաճախորդի» առաջարկած սցենարը, ապա մինչեւ 2026 թվականը Հայաստանում ընտրություններ չեն լինի:
Hraparak.am