Դերասանուհի Սիլվի Բարկովան վերջին շրջանում նախընտրում է դեմքը խնամել տանը պատրաստած բնական միջոցներով: Այդ սովորությունը Սիլվին ձեռք է բերել Հնդկաստան տեղափովվելուց հետո՝ հնդիկ ամուսնու խորհրդով: «Միշտ շատ հոռետեսական մոտեցում եմ ունեցել տանը պատրաստվող դիմակներին, մտածում էի, որ երբ ժամանակը գա եւ նկատեմ, որ տարիքն իրենն ասում է, կդիմեմ կոսմետոլոգների օգնությանը: Դեռ ամուսնացած չէի, ու մի օր գնում էի դեմքի մաքրման պրոցեդուրայի, երբ ապագա ամուսինս ինձ ասաց՝ «Իսկ ինչո՞ւ տանը չես խնամում դեմքդ, որ բանը կոսմետոլոգի միջամտությանը չհասնի», ու ինձ սկսեց բանջարեղեններից, մրգերից ու կաթնամթերքից բաղադրատոմսեր տալ, որոնք իր շատ համոզելուց հետո փորձեցի ու արդյունքն իրոք զարմացրեց ինձ»,-NEWS.am STYLE-ին պատմեց դերասանուհին, որը հաճախ իր փորձով կիսվում է նաեւ հետեւորդների հետ:

«Հնդկական արտադրանքի խնամքի միջոցներն, առհասարակ, շատ լավն են: Ամուսնանալուց հետո սկեսուրս շատ բաղադրատոմսեր է ինձ համար բացահայտել, իսկ տեղի աղջիկների հետ շփվելուց հետո հասկացա, որ այստեղ տանը պատրասվող օրգանիկ նյութերից դիմակներին շատ մեծ նշանակություն են տալիս, քանի որ արդյունքն, իսկապես, հրաշալի է լինում»,-հավելեց դերասանուհին՝ խոստովանելով, որ մաշկի հետ կապված որոշակի բարդույթներ ունեցել է միայն դեռահասության շրջանում.

«Այդ ժամանակ ճակատիս շատ էին մանր ցաները ու դա ինձ շատ էր տխրեցնում, բայց 19 տարեկանում դրանք, պարզապես, անցան։ Փառք Աստծո՝ հիմա մաշկս լավն է ու առողջ»:

Սիլվին դեմքի խնամի իր միջոցներով կիսվեց նաեւ մեր ընթերցողների հետ՝ ներկայացնելով երկու բաղադրատոմս, որոնք, ըստ դերասանուհու, իր մաշկի վրա իդեալական արդյունք են ունեցել:

«Առաջին դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է՝ մեկ ճաշի գդալ բլենդերով հարած բանան, մեկ թեյի գդալ կաթ, մեկ թեյի գդալ կաթի փոշի, մեկ թեյի գդալ մեղր եւ մեկ թեյի գդալ լիմոնի հյութ (բայց, եթե մաշկը զգայուն է, պետք չէ ավելացնել այս բաղադրիչը): Քսեք դեմքին, սպասեք չորանա 20-25 րոպե: Հետո լվացեք սառը ջրով: Բանանով պատրաստված այս դիմակը հրաշալի խոնավեցնում է մաշկը, հեռացնում դեմքի կարմրությունն ու հարթեցնում կնճիռները:

Երկրորդ դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է երկու ճաշի գդալ կաթ, մեկ ճաշի գդալ մեղր, բլենդերով հարած նուշ (4 հատ): Խառնել բաղադրիչները եւ քսել դեմքին՝ հինգ րոպե տրորելով: Թողնել եւս տասը րոպե, որից հետո լվալ: Նուշով սկրաբ-դիմակը երիտասարդացնում, խոնավեցնում եւ մաքրում է դեմքի ծակոտիները»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն