Առաջին անգամ ամբողջությամբ հրապարակվել են  Բաքվի բանտում գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացության և դատավճռի անգլերեն տարբերակները, որոնք ընդհանուր առմամբ կազմում են շուրջ 3300 էջ:

Ասուլիսում ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ դատավճռի միայն եզրափակիչ մասը հրապարակվել էր այս տարվա փետրվարի 17-ին դատական նիստում։ Ընտանիքն այն կարողացել է  ձեռք բերել հուլիսին։

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ Ռուբեն Վարդանյանի դատավճռի ուսումնասիրությունը մեզ ցույց տվեց, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, ողջ դատավարությունը եղել է ֆարս:

«Դրա արդյունքը լեգիտիմ չէ, և մենք մեր իրավական փաստարկները ներկայացրել ենք ՄԻԵԴ։ Ռուբեն Վարդանյանի գործին արդեն իսկ տրված է համար, գործը քննվելու է դատարանի կողմից»,-ասաց Սահակյանը։

Նա ընդգծեց, որ այդ դատավճիռն էտալոնային է, որտեղ ոչ միայն խախտված են իրավական ու բարոյական նորմերը, այլ նաև՝ մարդկային ողջամտության ու բանականության սահմանները։

«Այնտեղ տեղ գտած «փաստերն ու ապացույցները» ու դրանց հիման վրա կատարված եզրահանգումներն ուղղակի չեն տեղավորվում բանականության տիրույթում»,-ասաց Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, թե Ռուբեն Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ մեղադրանքներ, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն, քանի որ չի հաստատվել նրա մասնակցությունն իրեն վերագրված հանցանքներին։

Նա ասաց նաև, թե Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացված բարեգործությունները ներկայացվել են որպես հանցավոր գործունեություն․

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանի կողմից ևս որակվել է որպես հանցավոր գործունեություն, իսկ նախաձեռնության շրջանակներում դափնեկիրներն ընկալվել են որպես հանցավոր կազմակերպության անդամներ»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ