Ես կրկնում եմ՝ Հայաստանի սպառնալիքը Թուրքիան է և Ադրբեջանը
Մի բան պիտի գիտակցենք և մեզ համար հասկանանք. մեզ համար ո՞վ է սպառնալիք։ Ես կրկնում եմ՝ Հայաստանի սպառնալիքը Թուրքիան է և Ադրբեջանը։ 1995թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից և Ելցինի հետ բանակցությունների, նաև բարձր վստահելի հարաբերությունների արդյունքում ռուսական ռազմաբազայի տեղակայումը Գյումրիում եղել է անվտանգային մեծ հաջողություն։
Ֆիքսեմ մի բան, որ 92-93 թվին Թուրքիան՝ ըստ պատմական փաստաթղթերի և ըստ դիվանագետների հուշերի (ես պատահական բաներ չեմ ասում, գնացե՛ք, կարդացե՛ք Հայկ Դեմոյանի «Ղարաբաղյան կոնֆլիկտը» գիրքը, գնացե՛ք, կարդացե՛ք Հունաստանի նախկին դեսպանի հուշերը, ի վերջո, նայեք Գրաչովի և Շապոշնիկովի հայտարարությունները, բացե՛ք ֆրանսիական հատուկ ծառայությունների հրապարակած փաստաթղթերը.- Է.Շ.), ըստ որի՝ 1992 թվին՝ մայիսին, Թուրքիան Նախիջևանով ուզում էր ագրեսիա իրականացնել, և միայն Շապոշնիկովի հայտարարությունը, որ «եթե Հայաստանի վրա մի հատ արկ ընկնի, դա կլինի 3-րդ համաշխարհայինի սկիզբը», նրան հետ պահեց։
1993-ի փետրվարին ևս լարվեցին հարաբերությունները, Գրաչովը գնաց Թուրքիա և այնտեղ շատ խիստ ուլտիմատում ներկայացրեց, նույնիսկ օդանավակայանից միանգամից վերադարձավ։ Եվ 1993թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ Ռուսաստանում քաղաքացիական բախումներ էին Խասբուլատովի և Ելցինի կողմնակիցների միջև, Թանսու Չիլլերը՝ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետը, Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց։ Էդ բոլորը փաստաթղթավորված կա գրքերում, և նշվում է, որ Ելցինի պարտության դեպքում Թուրքիան պատրաստվում էր (ես ռուսերեն եմ կարդացել, ասեմ՝ «нанесения умеренного удара по Армении», այսինքն՝ չափավոր հարված հասցնել Հայաստանին), և այդ ժամանակահատվածի պաշտոնյաները բոլորը գիտեն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ հրամաններ էր տվել, և միայն Ելցինի հաջողությունը ներքաղաքական պայքարում Թուրքիային հետ պահեց այդ մտադրությունից։
Երկրորդը՝ և՛ առաջին պատերազմի ժամանակ, և՛ ապրիլյան պատերազմի ժամանակ, և՛ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան եղել է Ադրբեջանի հովանավորը։ Կրկնում եմ՝ անձամբ Նիկոլ Փաշինյանն է 2020 թվականի աշնանը նշում, որ Թուրքիան գալիս է Հարավային Կովկաս՝ ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանությունը։ Նիկոլ Փաշինյանն էր նշում այդ նույն հարցազրույցում՝ կանադական պարբերականին տված հարցազրույցում (դա միջազգային պարբերական էր, ոչ թե ներհայաստանյան,- Է.Շ.), որ մինչև Թուրքիան Հարավային Կովկասից չհեռանա, խաղաղության մասին պետք է մոռանանք։ Հիմա նույն Նիկոլ Փաշինյանը Թուրքիային «էստի համեցեք» է անում, Էրդողանի գիրքը դնում է կրծքին, ման գալիս…
Այսինքն՝ սա է, մեր անվտանգության երաշխավորներից մեկը․ մեր նման փոքր երկրները չեն կարող միայնակ ապահովել իրենց անվտանգությունը։ Բայց այստեղ աշխարհայացքային, արժեքային ընկալումներ կան․ ինձ համար Թուրքիան մնում է սպառնալիք, Նիկոլ Փաշինյանի համար սպառնալիք չէ, դրա համար ինքը երջանիկ է, որ ռուսական ռազմաբազան հանեն Հայաստանից… Ես էլ ասում եմ՝ բնականաբար, ռուսական ռազմաբազան ռուսներին ձեռնտու է տարածաշրջանային ազդեցությունը պահելու համար, բայց դա մեզ պետք չէ՞… Իհարկե, մեզ պետք է ռազմաբազայի ներկայությունը, դա մեր շահերից է բխում:
Եթե այդ ռազմաբազան չլիներ, կրկնում եմ, 1990-ականներին կունենայինք շատ ավելի մեծ պրոբլեմներ։ Բայց քանի որ այսօր Նիկոլ Փաշինյանի ռեժիմը Հայաստանը տանում է դեպի խաղաղ ադրբեջանացման կամ խաղաղ թրքահպատակության, ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում։ Մեր խորին համոզմամբ՝ ռուսական ռազմաբազան հանդիսանում է Հայաստանի անվտանգային գլխավոր երաշխիքներից մեկը։
Ինձ համար Թուրքիան սպառնալիք է, Նիկոլ Փաշինյանի համար՝ ոչ: Դրա համար են նա ու իր նմանները երջանիկ, որ ռազմաբազան կարող է դուրս գալ Հայաստանից: Ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, որովհետև այն Հայաստանի անվտանգության հիմնական երաշխիքն է: Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը չե՞ն հասկացել այդ ռազմաբազայի կարևորությունը… Ընդ որում, Տեր-Պետրոսյանը ոչ միայն կնքել է այդ փաստաթուղթը, այլև 2010թ. երկարաձգել այն: Իսկ Սերժ Սարգսյանը նոր փաստաթուղթ է ստորագրել, որով ռազմաբազայի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2044 թվականը: Ես հակաթուրք չեմ, հայաստանակենտրոն եմ և հասկանում եմ թուրքերից եկող սպառնալիքն ու դրա հետևանքները:
Հայաստանը բոլոր երեք նախագահների իշխանության շրջանում տարածաշրջանային գործոն է եղել հայկական Արցախի ու հայկական Սյունիքի, ռուսական ռազմաբազայի ու Հայաստանի ատոմակայանի շնորհիվ:
Ինչ ուզում է՝ անունը դնեն, թող անունը դնեն TRIPP. Միևնույն է, դա միջանցք է, որովհետև եթե միջանցք չէ, Բագրատաշենով Հայաստան մտնողն ինչո՞ւ պետք է մաքսային հսկողություն անցնի ու զննվի, իսկ TRIPP-ով անցնողը՝ ոչ, անխոչընդոտ պետք է մտնի Հայաստան: Դա նույն միջանցքային տրամաբանությունն է:
Հենց Սահմանադրությունից հանվեց Անկախության հռչակագիրն ու ընդունվեց Ալիևյան սահմանադրությունը, դա կլինի Հայաստանի անկախության դագաղին խփվող վերջին մեխը: Մեր քաղաքական ուժերը, մտավորականությունն ու ժողովուրդը պետք է սա հասկանան ու թույլ չտան: