Վերջին շրջանում շատ եմ մտածում Հայաստանում քաղաքական իրական օրակարգի բացակայության մասին։ Խնդիրը միայն այն չէ, որ քաղաքական դաշտում սխալ թեզեր են շրջանառվում։ Ավելի խորքային խնդիր կա՝ շատ դեպքերում ընդհանրապես չկա բուն քաղաքական ասելիքը։

Չկա քաղաքական առաջարկ, չկա հստակ պատասխան՝ ինչ ենք ուզում անել Հայաստանի հետ, որն ենք համարում պետության առաջնահերթ խնդիրը և ինչ ճանապարհ ենք առաջարկում դրա լուծման համար։

Բուն քաղաքական ասելիքի տեղը քաղաքական դիսկուրսը լցվում է ամենատարբեր բաներով։ Մի կողմից՝ ծայրահեղ ապոկալիպտիկ մոտեցումներ, երբ ցանկացած զարգացում ներկայացվում է որպես հերթական աղետ ու պետականության կործանման նոր փուլ։ Մյուս կողմից՝ կոնսպիրոլոգիա, երբ քաղաքական իրադարձությունների փոխարեն հասարակությանը մատուցվում են դավադրությունների ու գաղտնի պայմանավորվածությունների մասին պատմություններ։ Իսկ իշխանությունն այդ նույն դաշտում իր հերթին ստեղծում է խաբկանք ու պատրանք՝ հանրությանը համոզելով, որ հենց այդ իր ստեղծած պատկերն է իրականությունը։

Այս ֆոնին բավական ուշագրավ է Փաշինյանի՝ ԿԳՄՍ նախարարությունը «Բովանդակության նախարարություն» վերանվանելու գաղափարը։ Ըստ էության՝ սա, ուզած թե չուզած, շատ բան է բացահայտում նրա քաղաքական գործելակերպի մասին։ Փաշինյանը կարծես իրեն տեսնում է ոչ միայն որպես կառավարող իշխանություն, այլև որպես հանրային բովանդակությունը ձևավորող կենտրոն։ Ինքն է որոշում՝ ինչի մասին պետք է խոսի հասարակությունը, ինչ բառապաշարով, ինչ արժեքների ու հակադրությունների շուրջ պետք է կառուցվի հանրային խոսքը։

Եվ իրականում դա տեսնում ենք ամեն օր։ Իշխանությունը թեմա է նետում, և քաղաքական դաշտի զգալի մասը սկսում է այդ թեմայի շուրջ խոսել։ Նիկոլը նոր թեզ է առաջ քաշում կամ որևէ մի աղմկահարույց ձերբակալություն ու հաջորդ օրերի քաղաքական խոսքը կառուցվում է ոչ թե սեփական օրակարգի, այլ այդ թեզին արձագանքելու շուրջ (այսօր քանի՞ հոգի է խոսում կամ քննարկում նախորդ շաբաթ բանակում եղած սպանությունների մասին)։

Այս իրավիճակում իշխանությանը քննադատելն անգամ կարող է դառնալ նրա օրակարգի սպասարկում։

Եթե դու ամբողջ օրը զբաղված ես Փաշինյանի ասածը հերքելով, նրա հայտարարությունները մեկնաբանելով և նրա հերթական թեզի դեմ հակաթեզ կառուցելով, ապա քաղաքական նախաձեռնությունն արդեն քոնը չէ։ Տվյալ դեպքում դու շարքային արձագանքող ես։

Քաղաքական ուժի խնդիրը պետք է լինի հասարակությանը բերել իր օրակարգը։ Ոչ միայն՝ ինչին է դեմ, այլ ինչ է առաջարկում դրա փոխարեն։

Ի՞նչ պետություն ենք ուզում ունենալ, ո՞րն է Հայաստանի պետական շահը, ի՞նչ անվտանգության համակարգ ենք կառուցում, ի՞նչ հարաբերություններ ենք ուզում արտաքին աշխարհի հետ, ինչ ենք անում բանակի, կրթության, տնտեսության, ժողովրդագրության և ազգային ինքնության հարցերում։

Փաստացի ունենք քաղաքականության շուրջ ահռելի քանակությամբ խոսք, բայց զրո քաղաքական բովանդակություն։

Այնպես որ, քանի դեռ սեփական օրակարգ չկա, ուրիշի ստեղծած բովանդակությունն է դառնում քո քաղաքականությունը։ Իսկ այդ դեպքում քաղաքական դաշտը, անկախ իր հայտարարությունների կոշտությունից, շարունակում է գտնվել իշխանության սահմանած թեմաների ազդեցության տակ։

Իրական քաղաքական մրցակցությունը սկսվում է այնտեղ, որտեղ քաղաքական ուժը կարողանում է ինքնուրույն ձևակերպել Հայաստանի խնդիրները, իր պատասխանները և իր պատկերացրած ապագան։ Ոչ թե ամեն օր հետևել, թե իշխանությունն ինչ նոր բան ասաց, այլ ինքն ասել՝ ինչի մասին պետք է խոսի երկիրը և ինչ խնդիրների լուծման շուրջ պետք է կառուցվի հանրային ու քաղաքական քննարկումը։

Հ.գ. Պետք է անկեղծ լինեմ և խոստովանեմ, որ ինքնս էլ հազարավոր անգամներ, չեմ կարողացել զսպել էմոցիաներս ու զգացմունքներս՝ գուցե բավական սենտիմենտալ կամ ջղային արձագանքելով իշխող վարչախմբի ղեկավարի ու նրա թիմի քայլերին՝ մեպանիկորեն դառնալով միտումնավոր դաշտ նետված օրակարգի մաս, բայց պետք է սթափվենք և շարժվենք այլ օրակարգով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ