Օկուպացիայի լեգիտիմացում՝ «խաղաղության» շղարշով. Փիրուզա Մելիքսեթյան
Մերօրյա դանթեական դժոխքի սույն «ճարտարապետն» արդեն 8 տարի 3 ամիս է՝ անարգել հնձում է մարդկային կյանքերն ու պատառ-պատառ հոշոտում Հայաստանի սահմանները։
2026-ի հունիսյոթյան հոգեցունց երկրաշարժից դեռևս ուշքի չեկած մեր հասարակությունն այսօր՝ օգոստոսի 20-ին, ենթարկվեց հետընտրական հերթական հզոր աֆտերշոկին․
Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի։
Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի։
Սա փաստ ա, որի հետ մենք պետք ա առնչվենք»։
Ի՞նչ է թաքցնում վարչաֆեստի սույն գաղտնագիրը։ Արդյո՞ք այդ ձևակերպումը հստակ ու անողոք ուղերձ չէ սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցներին․
Երբ հայրենիքն ու նախնյաց հողը հանգեցվում են կենցաղային «հարմարվողականության», իսկ պետական սահմաններն ու ինքնիշխանությունը զոհաբերվում են բարձր ամբիոնից հնչեցված լսելիքը սղոցող ֆալցետին, այլևս ասելիք էլ չի մնում։ Ամենացավալին ու ողբերգականն այն է, որ «խաղաղության» կեղծ փաթեթավորմամբ մատուցվող այս կրկնակի կապիտուլյացիան հասարակության վրա իրացվում է որպես «անխուսափելի փաստ»՝ անջատելով ազգային արժանապատվության բնազդն ու կաթվածահար անելով անվտանգային վերջին երաշխիքները։
Ալիևի սույն խամաճիկը՝ «Եվ էսօր տարածքներ կան, որ փոխադարձաբար քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա՝ այլ կերպ ա» շինծու թեզով փորձում է սովորական, ընդունելի ու անխուսափելի իրողություն դարձնել թշնամու ապօրինի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ Ջերմուկում, Տավուշում, Վայոց Ձորում, Սյունիքում ու Գեղարքունիքում։ Պետության ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը փաստացի լեգիտիմացնում է օկուպացիան՝ ՀՀ սուվերեն տարածքն ու թշնամու զավթած պատառները հավասարեցնելով միմյանց։
Բայց սույն «օրգանիկը» նախընտրում է կուրորեն սպասարկել թշնամու «հարմարվողական» քարտեզագրությունը՝ հենց Երևանի սրտից լեգիտիմացնելով մեր պատմական ու պետական տարածքների հանձնումը։
Ըստ էության, ՀՀ ոչ լեգիտիմ իշխանությունն ինքնակամ թշնամու առջև բացում է բոլոր դռները։ Դիվանագիտության մեջ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումն առանց փոխադարձ երաշխիքների նշանակում է կամովին հանձնվել հակառակորդի քմահաճույքին։
Անտարբերությունն այլևս հանցակցություն է։
Երբ քեզնից խլում են հայրենիքիդ վերջին պատառները, իսկ փոխարենը մատուցում «հարմարավետության» կեղծ օրորոցայինը, լռելը նշանակում է համաձայնել սեփական տանը կամավոր գերի դառնալու դատավճռին։ Պետությունը չի չափվում «հարմարավետությամբ», պետությունը չափվում է արժանապատվությամբ ու սահմանի անառիկությամբ։ Իսկ զիջումներով ու խաղաղություն մուրալով ապրելու փորձերը երբեք որևէ ազգի փրկություն չեն բերել․ դրանք բերել են միայն վերջնական հայրենազրկում։








































