Իրանը «սուտ» է անվանել Հորմուզի նեղուցի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության մասին Թրամփի հայտարարությունը
Հինգշաբթի օրը Իրանի զինված ուժերի հրամանատարությունը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե Հորմուզի նեղուցը գտնվում է ԱՄՆ վերահսկողության տակ։
Զինվորականները նշել են, որ ռազմավարական նշանակություն ունեցող այս ծովային ուղին լիովին գտնվում է Իսլամական Հանրապետության վերահսկողության ներքո։
«Միացյալ Նահանգների պնդումները, թե նավերը սովորականի պես անարգել անցնում են Հորմուզի նեղուցով… ուղղակի սուտ են ու հորինվածք»,-հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Հորմուզի նեղուցը, ինչպես նախկինում, այժմ էլ գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության լիակատար կառավարման և վերահսկողության տակ։ Ոչ մի առևտրային նավ կամ տանկեր չի կարողացել և չի կարողանա անվտանգ անցնել այստեղով՝ առանց իրանական հզոր զինված ուժերի թույլտվության և հսկողության»,- պետական հեռուստատեսությամբ հեռարձակված տեսաուղերձում ասել է Զոլֆաղարին։
Հիշեցնենք, չորեքշաբթի օրը Truth Social հարթակում արված հրապարակման մեջ Թրամփը պնդել էր, որ ԱՄՆ-ն «լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը: Կարծում եմ՝ մենք կպահպանենք այդ վերահսկողությունը: Բոլորը մեր իրականացրած ծովային շրջափակումն անվանում են «պողպատե պատ», և Իրանը ոչինչ չի կարող անել դրա դեմ»,-հավելել էր նա։
Հինգշաբթի օրը ԻՀՊԿ-ի կազմում գործող «Բասիջ» աշխարհազորային ուժերի հրամանատարը նույնպես հայտարարել է, որ նեղուցը շարունակում է մնալ Իրանի վերահսկողության տակ։
«Այսօր դուք տեսնում եք, որ Հորմուզի նեղուցը գտնվում է Իսլամական Հանրապետության կառավարման և վերահսկողության ներքո, և մեր երկիրը շարունակում է իր ուղին լիակատար անվտանգության պայմաններում»,-ըստ պետական հեռուստատեսության՝ ասել է Հոսեյն Թաեբը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հինգշաբթի նշել է, որ Վաշինգտոնը սխալ է գնահատում նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։
«ԱՄՆ-ն արդեն տևական ժամանակ է, ինչ սխալ հաշվարկներ է անում հետախուզական ձախողումների պատճառով։ Դրա վառ օրինակը Իրանի դեմ սանձազերծված պատերազմն է»։ «Իսկ հիմա նրանք էլ ավելի լուրջ սխալ թույլ տվեցին Հորմուզի նեղուցի հարցում»,-գրել է նա X-ի իր էջում։
Իրանցի պատգամավոր, Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Բեհնամ Սաիդին էլ հավելել է, որ նեղուցը փակ է ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի համար։
«Սիոնիստական ռեժիմին պատկանող նավերը ոչ մի պարագայում չեն կարողանա նավարկել Հորմուզի նեղուցով՝ ո՛չ պատերազմի, ո՛չ էլ խաղաղության ժամանակ»,-պետական հեռուստատեսության եթերում ասել է նա՝ հավելելով, որ «ԱՄՆ ռազմածովային նավերի անցումը նեղուցով նույնպես արգելվելու է»։
Իրանն ու Օմանը բանակցություններ են վարում նեղուցով անցնող նոր երթուղու ստեղծման շուրջ, սակայն պայմանավորվածությունները դեռևս վերջնականապես ձևակերպված չեն։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ամսվա սկզբին հայտնել էր, որ Թեհրանն ու Մասկատը համատեղ հայտարարություն են պատրաստում համաձայնագրի վերաբերյալ, որը ներառում է տեխնիկական, իրավական, ինչպես նաև անվտանգության և բնապահպանական հարցեր։
Առանձին, իրանական ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին, հայտնել են, որ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնումը կախված կլինի նրանից, թե արդյոք ԱՄՆ-ն կդադարեցնի երկրի նավահանգիստների ծովային շրջափակումը։
Euronews.com









































