Աբսուրդի երկիր է դառել Հայաստանս. Արմինե Օհանյան
Աբսուրդի երկիր է դառել Հայաստանս: Աբսուրդի, երկակի ստանդարտների, կեղծիքի, անամոթաբար ստելու, օրենք խախտելու...գառան մորթու տակ թաքնված գայլերի երկիր:
Նայեք ձեր շուրջը` հազարավոր ապացույցներ: Նորատուսցի բանդուրյանների նմանները, որոնք չարիք են, վտանգավոր հանրության համար, ազատության մեջ են, Արեգնազ Մանուկյանն ու Ավետիք Չալաբյանը` բանտում:
Լկտիաբար Ընտրական օրենսգիրքը ոտնահարած ու մի ողջ կուսակցության հասանելիք 5 մանդատը խլած իշխանությունը խոսում է նախկին իշխանությունների ընտրակեղծիքների մասին: 10 հազար դրամ թոշակ բարձրացնելով` մեր վճարած հարկերից, մի 100-200 հազար քվե խաբեությամբ կորզած քաղաքական ուժն ընդդիմությանը մեղադրում է ընտրակաշառք բաժանելու մեջ:
Պետական բուջեից միլիոններով ինքնապարգևավճար բաժանած կառավարությունը «թալան» է անվանում նախկին պաշտոնյայի` Աբովյանի տան մեկ քառորդ մասը:
Հազարավոր զոհեր տված իշխանությունն անդադար խոսում է Մարտի 1-ի 10 զոհի ու Պողոս Պողոսյանի մահվան մասին:
ԱՆԻՖ-ով ու տարբեր պետական ծրագրերով (մենակ Ամուլսարի փորձաքննության համար` 400 հազար դոլար) միլիարդներ մսխած իշխանությունը մի խեղճուկրակ համայնքապետի մեղադրում է 1 կամ 2 միլիոն դրամ վատնելու համար, որը նա 2 տարում վճարել է գյուղապետարանի վարորդին, իսկ նա, պարզվում է, աշխատանքից հաճախ բացակայել է:
Կառավարության ղեկավարը որտեղ, ինչքան մտքով անցել է` նվիրել է թշնամուն, որտեղ ուզեցել է թշնամին` «սահմանազատում» է արել, հիմա հայտարարում է` ես ինչպե՞ս կարող եմ Արծվաշենը թողնել օտար տիրապետության տակ, դա հայկական հող է, Սահմանադրությունն ինձ արգելում է դա անել:
Ամեն աստծո օր Սահմանադրություն խախտող կառավարության նախարարություններից մեկում աշխատող ընկերուհուս հետ պայմանագիրը չեն շարունակել, թե` քո 65 տարին լրանալուց 1 օր հետո է նոր օրենքն ուժի մեջ մտել: Այդ օրենքով քաղծառայողները կարող են 65-ից հետո էլ աշխատել պետական համակարգում (իսկ մարդը կարևոր, օգտակար, անգամ անփոխարինելի մասնագետ է): Վիդիտելի` օրենքը թույլ չի տալիս:
Կարելի է հարյուրավոր նման օրինակներ բերել: Էս աբսուրդի ու փարիսեցիության մեջ էլ ապրում ենք և հաճախ չենք էլ նկատում այս ամենը: Մեզ շատ անհաշտելի բաների հետ հաշտեցրին սրանք...








































