ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՔԿ միջնորդությունը կքննի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է դատական համակարգից։

Հիշեցնենք՝ քրեական վարույթը, որով ձերբակալել են Գագիկ Խաչատրյանին, վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։ Հատկանշական է, որ Խաչատրյանը տևական ժամանակ առողջական խնդիրներ ունի, անգամ հաշմանդամություն է ձեռք բերել, սակայն այսօր դատախազությունը հայտնեց դատաբժշկական նոր փորձաքննության մասին, որով իբրև նշվել է, թե Գագիկ Խաչատրյանը կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Գ.Խ.-ի ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո (Գ.Խ.-ն հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից):

«Համապատասխան ցուցման առկայության դեպքում, վիրահատությունը հնարավոր է կատարել Հայաստանի Հանրապետության բժշկական հիմնարկությունների մասնագիտացված բաժանմունքներում: Ընդ որում, վիրահատության կատարման համար ներկայում ՀՀ-ում առկա են հնարավոր գործիքակազմերը, տեխնիկական միջոցները և մասնագետները՝ ովքեր կարող են կատարել և կատարում են այդպիսի վիրահատական միջամտություններ»,-մեր հարցմանն ի պատասխան հայտնել են դատախազությունից:

Ըստ էության դատախազությունը փորձել է հող նախապատրաստել՝ հաշմանդամություն ունեցող անձի կալանավորման համար։

Նշենք, որ 71-ամյա Գագիկ Խաչատրյանին այսօր ԱԱԾ ծառայողները իր տանից պատգարակով են տեղափոխել դատարան։ Մասնավորապես, կադրերից երևում է, թե ինչպես են անկողնում գտնվող Խաչատրյանին պատգարակով տեղափոխում, ընդ որում, Խաչատրյանը ողջ ընթացքում բղավում էր։ Նրա պաշտպանները հայտարարությամբ են հանդես եկել՝ բարձրաձայնելով, որ Խաչատրյանին խոշտանգում են։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ