Մասնագիտական պարտք:

Վաղը Ազգային ժողովում ընդդիմության առաջ դրված է շատ ավելի լուրջ խնդիր, քան կառավարության ծրագրին դեմ քվեարկելը։ Դեմ քվեարկելը վերջում ընդամենը կոճակ սեղմել է։ Քաղաքական խնդիրը մինչև այդ պահը ծրագիրը հանրային և քաղաքական իմաստով սնանկացնելն է։ Եվ դրա համար առաջին հերթին պետք է հասկանալ՝ ինչ չպետք է անել։

Չպետք է կառավարության ծրագրի քննարկումը վերածել կառավարության ծրագրի համատեղ խմբագրման արդյունքում լեգիտիմացման։ Աշխարհում չկա իշխանության ձգտող որևէ երկրի որևէ խորհրդարանական ընդդիմություն, որի առաջ այլ խնդիր է դրված՝ բացի իշխանության քաղաքական ծրագրի սննկացումից:

Չպետք է մտնել իշխանության առաջարկած տրամաբանության մեջ և ժամերով վիճել՝ 125 հազար աշխատատեղը շատ է, թե քիչ, 10 ջրամբարը՝ իրատեսական է, թե ոչ, քանի դպրոց կկառուցվի, քանի կիլոմետր ճանապարհ կվերանորոգվի։

Այդ հարցերը կարևոր են։ Բայց դրանք վաղվա քննարկման քաղաքական առանցքը չեն։ Որովհետև հենց ընդդիմությունը սկսեց այդ մանրամասները քննարկել որպես հիմնական օրակարգ, նշանակում է, որ արդեն ընդունեց կառավարության ամենակարևոր կանխավարկածը՝ այս իշխանությունն իրավունք ունի նախորդ հինգ տարին փակված համարել և քննարկել միայն հաջորդ հինգը։ Այն էլ այն դեպքում, երբ դա անելը նրա ողջ նախընտրական փուլի հիմնական առաքելությունն էր:

Ո՛չ։

Հենց սա չպետք է թույլ տալ։

Ավելին՝ այստեղ կա շատ ավելի նուրբ քաղաքական թակարդ։ Ընդդիմությունը կարող է վերջում դեմ քվեարկել կառավարության ծրագրին, բայց ամբողջ քննարկման ընթացքում ակամա մասնակցել դրա քաղաքական լեգիտիմացմանը։

Հինգ ժամ հարցեր տալ, առաջարկություններ անել, ասել՝ այս կետը լավն է, սա՝ վատը։ Բացատրել, թե ինչպես կարելի էր ծրագիրն ավելի արդյունավետ իրականացնել և վերջում՝ դեմ քվեարկել։ Ֆորմալ առումով դա ընդդիմադիր վարք է, բայց քաղաքական առումով իշխանությունն արդեն կստանա ամենակարևորը՝ իր սահմանած իրականությունը դարձել է բոլորի համար ընդհանուր և անվիճարկելի մեկնակետ և խնդիրը դետալներն են, ոչ թե ուղղությունը: Նրան արդեն մարտավարական առումով դա մասնակի հաջողվել է «բարեվարքություն» կոչվող , իսկ խորքում «դանադաղ լեգիտիմացում» կոնցեպտով:

Հետևաբար ընդդիմության դիրքը պետք է շատ հստակ լինի՝ մենք մասնակցում ենք խորհրդարանական ընթացակարգին, բայց չենք ընդունում ձեր նկարագրած քաղաքական իրականությունը որպես մեր ընդհանուր մեկնակետ։

Սա է տարբերությունը ընդդիմադիր մասնակցության և քաղաքական համահեղինակության միջև։ Վաղվա ընդդիմադիր դիրքավորումը պետք է սկսվի մեկ նախադասությունից. «Նախ ներկայացրեք նախորդ ծրագրի քաղաքական հաշվեկշիռը, հետո բերեք նորը»:

2021-ին դուք Ազգային ժողով եք բերել մի Հայաստան։ 2026-ին բերել եք սկզբունքորեն այլ Հայաստան։ Ու հիմա փորձում եք այդ երկուսի միջև եղած ահռելի քաղաքական տարածությունը պարզապես անվանել «Չորրորդ Հանրապետություն»։ Այդպես չի լինում։ Եթե 2021-ի կառավարության ծրագրում Արցախը անվտանգության և քաղաքականության առարկա էր, իսկ 2026-ին հիմնականում սոցիալական աջակցության հասցեատեր է, ապա այդ երկու փաստաթղթերի միջև ինչ-որ բան է տեղի ունեցել։ Եթե անվտանգության համակարգի հենասյուները փոխվել են, ինչ-որ բան է տեղի ունեցել։ Եթե Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ պետական մոտեցումը սկզբունքորեն փոխվել է, ինչ-որ բան է տեղի ունեցել։ Եթե այսօր կառավարությունը հայտարարում է արդեն «հաստատված խաղաղության» մասին, պետք է բացատրի՝ ո՞ր չափելի անվտանգային իրականության հիման վրա։

Այդ «ինչ-որ բանը» հենց քաղաքականությունն է։ Իսկ կառավարության ծրագիրը փորձում է այդ քաղաքականությունը բաց թողնել և մեզ անմիջապես տեղափոխել հաջորդ գլուխ։ Ընդդիմության խնդիրը վաղը այդ բաց թողնված գլուխը վերադարձնելն է Ազգային ժողով։

Կառավարության ծրագիրը պետք է դարձնել կառավարության դեմ վկայող փաստաթուղթ: Սա կարող է լինել վաղվա ամենաարդյունավետ ընդդիմադիր մարտավարություններից մեկը։

Պետք է վերցնել 2021-ի և 2026-ի նույն կառավարության ծրագրերը և դնել իրար կողքի։ 2021-ին ի՞նչ էր Արցախը։ 2026-ին ի՞նչ է Արցախը։ 2021-ին ո՞րն էր Հայաստանի անվտանգության համակարգը 2026-ին ո՞րն է։ 2021-ին ի՞նչ դեր ունեին ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը և նախկին անվտանգային համակարգը։ 2026-ին ի՞նչ ունենք դրանց փոխարեն։ 2021-ին ի՞նչ էր խաղաղությունը 2026-ին ինչո՞ւ է այն արդեն հայտարարվում «հաստատված»։

Եվ դրանից հետո ընդամենը մեկ հարց՝ ո՞ր ծրագիրն էր սխալ՝ այն ժամանակվա՞նը, թե՞ այսօրվանը։

Եթե 2021-ի ծրագիրն էր սխալ, ապա ո՞վ է պատասխանատու հինգ տարի այդ ռազմավարությամբ պետությունը կառավարելու համար։ Եթե այսօրվա ծրագիրն է վիճելի, ինչո՞ւ պետք է հասարակությունը ևս հինգ տարվա քաղաքական վարկ ու հավատ տրամադրի նույն քաղաքական հեղինակին։ Սա կառավարության ծրագիրը կառավարության դեմ օգտագործելու ամենապարզ մեթոդն է։ Որովհետև ընդդիմությունը կառավարության դեմ չի դնում սեփական գնահատականը։ Կառավարության դեմ դնում է հենց կառավարության նախկին խոստումը։

Մի՛ քննարկեք միայն ծրագիրը։ Քննարկեք ծրագիրը զրոյից սկսելու իրավունքը: Սա պետք է լինի ամբողջ ընդդիմադիր մարտավարության կենտրոնական թեզը։ Իշխանությունը վաղը փորձելու է ստեղծել «նոր մեկնարկի» տպավորություն։

Նոր ընտրություններ։

Նոր խորհրդարան։

Նոր կառավարություն։

Նոր ծրագիր։

«Իրական Հայաստան»։

«Չորրորդ Հանրապետություն»։

Նոր հինգ տարի։

Քաղաքական պատասխանատվության համակարգում նոր ընտրական ցիկլը չի ջնջում նախորդ կառավարման ցիկլը։ Ընտրությունը կարող է նոր մանդատ տալ կառավարելու համար։ Այն չի կարող հետադարձ ուժով վերացնել նախորդ որոշումների պատասխանատվությունը։

Ավելի պարզ՝ ընտրությունները թարմացնում են մանդատը, բայց չեն զրոյացնում պատասխանատվությունը։ Ժողովրդավարության մեջ մանդատը վերականգնվող է, իսկ պատասխանատվությունը՝ կուտակային։

Նույն քաղաքական ուժը չի կարող ընտրությունից առաջ լինել նախորդ հինգ տարիների կառավարությունը, իսկ ընտրությունից հետո ներկայանալ որպես բոլորովին նոր պատմական իրականության հիմնադիր՝ առանց նախորդ շրջանի քաղաքական հաշվեկշռի։ Սա է այն սահմանը, որը վաղը ընդդիմությունը պարտավոր է գծել։ Հակառակ դեպքում կառավարությունը ստանում է չափազանց հարմար քաղաքական տեխնոլոգիա՝ «նախ փոխել իրականությունը, հետո փոխել նպատակի սահմանումը, իսկ վերջում նոր իրականությունը հայտարարել նոր գաղափարախոսություն»։

Այս մեխանիզմում իշխանությունը սկզբունքորեն այլևս չի կարող ձախողվել։ Որովհետև յուրաքանչյուր չկատարված նպատակից հետո կարելի է պարզապես հայտարարել նոր պատմական փուլ։ «Չորրորդ Հանրապետությունը» պետք է դարձնել քննարկման գլխավոր քաղաքական հարցերից մեկը: Ես ընդդիմության տեղում վաղը կառավարությանը չէի հարցնի՝ «Ինչպե՞ս եք կառուցելու Չորրորդ Հանրապետությունը»։ Այդ հարցով արդեն ընդունում ես, որ այն գոյություն ունի։ Ես կհարցնեի՝ Ո՞վ է ձեզ լիազորել Երրորդ Հանրապետությունն ավարտված հայտարարել։ Որտե՞ղ է այդ հիմնադիր քաղաքական ակտը։ Որտե՞ղ է սահմանադրական խզումը։ Որտե՞ղ է հանրային հիմնադիր համաձայնությունը։ Որտե՞ղ է նոր պետական կարգը։ Եթե դրանցից որևէ մեկը չկա, ապա գործ ունենք ոչ թե Չորրորդ Հանրապետության, այլ գործող իշխանության հերթական ժամկետի հետ։ Եվ իշխանության հերթական ժամկետը պատմական դարաշրջան անվանելը դեռ այն պատմական դարաշրջան չի դարձնում։ Սա հատկապես կարևոր է մեկ այլ պատճառով։

Եթե իշխանությունն ասում է, որ իր «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ընտրությունների արդյունքում դարձել է պետական կամ պաշտոնական գաղափարախոսություն, ընդդիմությունը պարտավոր է այստեղ կանգնեցնել քննարկումը։ Ընտրությունները իշխանություն են ձևավորում, ոչ թե պետական ճշմարտություն։ Ժողովրդավարության մեջ հաղթող կուսակցությունը ստանում է կառավարելու իրավունք։ Չի ստանում պետության իմաստը սեփականաշնորհելու իրավունք։

Արցախի հարցը պետք է վերադարձնել ոչ թե հիշողության, այլ հաշվետվողականության դաշտ: Այստեղ ընդդիմությանը շատ հեշտ է ընկնել զգացմունքային խոսքի մեջ։ Ես այլ ճանապարհ կառաջարկեի։

Ոչ թե միայն՝ «դուք կորցրեցիք Արցախը»։Այլ շատ ավելի ծանր քաղաքական հարցադրում։

2021 թվականին ձեր կառավարության ծրագրում ի՞նչ էր Արցախը, և 2026 թվականի ծրագրում ի՞նչ է Արցախը։

Երկու փաստաթուղթը դնել իրար կողքի։ Եվ վերջ։

Այդ կոնտրաստը երբեմն ավելի ուժեղ է, քան մեկ ժամանոց ելույթը։ Որովհետև այդ պահին ընդդիմությունը ոչ թե սեփական գնահատականն է հակադրում իշխանությանը, այլ իշխանության 2021 թվականի պետական փաստաթուղթը՝ իշխանության 2026 թվականի պետական փաստաթղթին։ Հետո ընդամենը մեկ հարց՝ ո՞վ է քաղաքականապես պատասխանատու այս երկու ծրագրերի միջև տեղի ունեցածի համար։

Սա արդեն շատ ավելի դժվար է խեղդել «նախկիններ», «պատմական Հայաստան» կամ «խաղաղություն» բառապաշարի մեջ։

«Խաղաղություն կա» թեզը պետք է ստիպել ապացուցել: Ընդդիմությունը չպետք է վիճի խաղաղության դեմ։ Դա քաղաքականապես սխալ դիրքավորում կլինի։ Պետք է վիճարկել չապացուցված խաղաղությունը որպես կատարված փաստ ներկայացնելու իրավունքը։ Եթե ասում եք՝ խաղաղությունը հաստատված է, ներկայացրեք չափանիշները։

Ոչ թե զգացողությունը։

Ոչ թե քարոզչական բառապաշարը։

Չափանիշները։

Ի՞նչ է փոխվել Հայաստանի ռազմական խոցելիության մեջ։

Ի՞նչ է փոխվել սահմանային ռիսկերի մեջ։

Ո՞ր չլուծված խնդիրներն են փակվել։

Ո՞ր անվտանգային երաշխիքներն են ստեղծվել։

Ո՞ր մեխանիզմն է կանխում նոր հարկադրանքը։

Եվ եթե դրանց պատասխանները չկան, ապա «հաստատված խաղաղությունը» ոչ թե ծրագրային փաստ է, այլ քաղաքական կանխավարկած, որը կառավարությունը փորձում է խորհրդարանի քվեարկությամբ վերածել պետականորեն վավերացված իրականության։ Այդ վավերացմանը ընդդիմությունը չպետք է մասնակցի։

TRIPP-ի շուրջ ընդդիմությունը պետք է խոսի ոչ թե ճանապարհի, այլ իշխանության լեզվով

Ոչ թե՝ քանի կիլոմետր։

Ոչ թե՝ երբ կբացվի։

Ոչ թե՝ որքան ներդրում կլինի։

Այլ՝ ո՞վ է կառավարելու, ո՞վ է վերահսկելու, ի՞նչ իրավազորությամբ,ի՞նչ ժամկետով, ի՞նչ անվտանգության ռեժիմով, ի՞նչ պատասխանատվությամբ և ո՞ր կետում է Հայաստանի Հանրապետության բացառիկ պետական իրավազորությունը։ Որովհետև աշխարհաքաղաքական ենթակառուցվածքը ճանապարհաշինություն չէ։

Ճանապարհի վրա գծվում է նաև իշխանության քարտեզը։ Եթե կառավարությունը դրանից խոսում է միայն տնտեսական հնարավորությունների լեզվով, ընդդիմությունը պարտավոր է վերադարձնել անվտանգային և ինքնիշխանության լեզուն։

Ընդդիմությունը պետք է ներկայացնի ոչ միայն հակափաստարկ, այլ հակաիրականություն: Սա արդեն վաղվա քննարկման ստրատեգիական մակարդակն է։

Հասարակությունը պետք է տեսնի երկու Հայաստան Կառավարության նկարագրած Հայաստանը՝«հաստատված խաղաղություն»,«Չորրորդ Հանրապետություն», «Իրական Հայաստան», նոր հնարավորություններ և նոր հնգամյա ապագա։

Եվ ընդդիմության նկարագրած Հայաստանը՝չփակված անվտանգային հարցերով, նախորդ հինգ տարիների չներկայացված հաշվեկշռով, արտաքին հարաբերությունների արմատական վերադասավորումներով, նոր կախվածություններով, ինքնիշխանության շուրջ չպարզաբանված ռիսկերով և պետության ինքնության վերաձևակերպման փորձով։

Քաղաքական պայքարում հաղթում է ոչ միայն նա, ով ավելի շատ փաստ ունի։ Հաղթում է նա, ում իրականության նկարագրությունն է հասարակությունը ճանաչում որպես իրենը։ Հետևաբար վաղվա պայքարը միայն կառավարության ծրագրի դեմ չէ։ Դա պայքար է իրականությունը սահմանելու իրավունքի համար։

Եվ ամենակարևորը՝ վաղը չխոսել կառավարության հետ։ Խոսել հասարակության հետ:Սա թերևս ամբողջ մարտավարության ամենակարևոր կետն է։ ԱԺ ամբիոնը կառավարության հետ զրույցի սեղան չէ։ Ընդդիմադիր պատգամավորի հիմնական հասցեատերը վաղը վարչապետը չպետք է լինի ևոչ էլ նախարարը կամ ՔՊ պատգամավորը: Հասցեատերը պետք է լինի այն քաղաքացին, որը չի քվեարկել իշխանության օգտին կամ քվեարկել է ընդդիմությանը և վաղը պետք է Ազգային ժողովում տեսնի իր քաղաքական դիրքորոշման ներկայացուցչությունը։ Հետևաբար յուրաքանչյուր ելույթ պիտի պատասխանի ոչ թե «ի՞նչ ասենք Փաշինյանին», այլ՝ ի՞նչ պետք է վաղը լսի մեր ընտրողը, որպեսզի հասկանա՝ ինչու ենք մենք ընդդիմություն։

Սա սկզբունքային տարբերություն է։ Եթե ընդդիմությունը հինգ ժամ շարունակ կառավարությանը խորհուրդ է տալիս՝ ինչպես ավելի լավ կառավարել, վերջում հասարակությունը կարող է տրամաբանական հարց տալ, եթե դուք նույն նպատակների շուրջ պարզապես ավելի լավ առաջարկներ ունեք, ապա ինչո՞ւ եք ընդդիմություն։ Ընդդիմությունը գոյություն ունի ոչ միայն իշխանության որոշումները տեխնիկապես բարելավելու համար։ Այն գոյություն ունի այլ քաղաքական գնահատական, այլ առաջնահերթություն և անհրաժեշտության դեպքում այլ պետական ուղղություն ներկայացնելու համար։

Վաղը պետք է լինի մեկ ընդդիմադիր հարված, ոչ թե երեսուն առանձին ելույթ: Եթե յուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր վերցնի իր սիրած թեման, իր նախարարությունը կամ իր ոլորտը, իշխանությունը քննարկումը շատ արագ կտարրալուծի տասնյակ առանձին վեճերի մեջ։

Դրա փոխարեն տարբեր ելույթները պետք է կառուցվեն նույն մի քանի հիմնարար հարցերի շուրջ։

Ի՞նչ էիք խոստացել 2021-ին։

Ի՞նչ ունենք 2026-ին։

Ինչո՞վ է բացատրվում տարբերությունը։

Ո՞վ է դրա քաղաքական պատասխանատուն։

Եվ ինչո՞ւ է այդ տարբերությունն այսօր ներկայացվում ոչ թե որպես հաշվետվողականության առարկա, այլ որպես «Չորրորդ Հանրապետություն»։

Թող պատգամավորները խոսեն տարբեր ոլորտներից։ Բայց քաղաքական եզրակացությունը թող լինի նույնը։ Այդ դեպքում երեսուն ելույթը չի դառնա երեսուն տարբեր թեմա։Կդառնա մեկ քաղաքական հարցի երեսուն ապացույց։

Հետևաբար վաղվա մարտավարությունը պիտի լինի ասիմետրիկ: Իշխանությունն առաջարկելու է ծրագիր։ Ընդդիմությունը չպետք է առաջարկի պարզապես ծրագրի քննադատություն։

Իշխանությունը կխոսի 2026–2031-ի մասին։Ընդդիմությունը պետք է սեղանին դնի 2021–2026-ը։ Իշխանությունը կխոսի ապագայի խոստումների մասին։Ընդդիմությունը՝ անցյալի պատասխանատվության։

Իշխանությունը՝ «Չորրորդ Հանրապետության» մասին։

Ընդդիմությունը՝ դրա հիմնադիր մանդատի բացակայության։

Իշխանությունը՝ «հաստատված խաղաղության» մասին։

Ընդդիմությունը՝ խաղաղության չափելի չափանիշների։

Իշխանությունը՝ TRIPP-ի տնտեսական հնարավորությունների մասին։ Ընդդիմությունը՝ ինքնիշխանության և անվտանգության կոնկրետ մեխանիզմների։ Իշխանությունը կփորձի ընդդիմությանը քաշել իր ծրագրի մանրամասների մեջ։ Ընդդիմությունը պետք է իշխանությանը քաշի իր քաղաքական հաշվետվության մեջ։

Սա է ասիմետրիկ քաղաքական վարքը։ Քաղաքական պայքարի բարձր մակարդակը հակառակորդի յուրաքանչյուր քայլին պատասխանելը չէ։ Բարձր մակարդակը նրան ստիպելն է խաղալ քո կանոններով։

Եվ վերջապես՝ վաղը չպետք է լինի «բարեվարք» խորհրդարանական սեմինար:Կարելի է լինել կոռեկտ։ Կարելի է չվիրավորել։ Կարելի է պահպանել խորհրդարանական վարքի բոլոր կանոնները։ Բայց ընդդիմությունը պարտավոր չէ լինել քաղաքականապես հարմարավետ։

Ավելին՝ եթե կառավարության ծրագրի քննարկումից հետո իշխանությունը դուրս է գալիս խորհրդարանից միայն այն զգացողությամբ, որ ընդդիմությունը մի քանի լավ դիտողություն ուներ, ապա ընդդիմությունը պարտվել է քննարկումը։ Վաղվա արդյունքը պետք է ուրիշ լինի։

Հասարակության մեջ պետք է մնա մի պարզ հարց՝ ինչպե՞ս կարելի է հայտարարել նոր հանրապետություն՝ առանց նախորդի հաշվետվությունը ներկայացնելու։ Եվ հենց այստեղ է վաղվա քաղաքական հաջողության իրական չափանիշը։ Եթե քննարկումից հետո քաղաքացին տուն գնա մտածելով՝

«125 հազար աշխատատեղն իրատեսակա՞ն է, թե ոչ», օրակարգը հաղթել է կառավարությունը։

Եթե տուն գնա հարցով՝ «իսկ ինչպե՞ս նույն իշխանությունը 2021-ին խոստացած մի պետությունից հասավ 2026-ի սկզբունքորեն այլ պետության և հիմա այդ տարբերությունը մեզ ներկայացնում է որպես նոր հանրապետություն», օրակարգը վերցրել է ընդդիմությունը։

Սա է չափման միավորը։

Ոչ թե քանի անգամ նախարարին «բռնեցին» թվի վրա։ Ոչ թե քանի անգամ վարչապետը չպատասխանեց։ Ոչ թե քանի տեսանյութ դարձավ վիրալ։

Այլ՝ քննարկումից հետո ո՞ւմ հարցն է մնացել հասարակության գլխում։

Եվ այստեղ է ամբողջ վաղվա քաղաքական մեխը։ Կառավարությունը ցանկանում է քննարկել հաջորդ հինգ տարին։ Ընդդիմությունը պարտավոր է պատասխանել. նախ փակեք նախորդ հինգ տարվա քաղաքական հաշվեկշիռը։

Ոչ թե մոռացությամբ։

Ոչ թե վերանվանումով։

Ոչ թե «Չորրորդ Հանրապետությամբ»։

Այլ պատասխանատվությամբ։ Որովհետև պետության պատմությունը PowerPoint չէ, որ անհարմար սլայդը ջնջես ու անցնես հաջորդին։ Եվ ընդդիմությունն էլ խորհրդարանում նրա համար չէ, որ իշխանության նոր սլայդները խմբագրի։ Ընդդիմության գործը հենց այն ջնջված սլայդը նորից էկրանին վերադարձնելն է։

P.S. Վաղը ընդդիմության խնդիրը կառավարության ծրագրին դեմ քվեարկելը չէ։ Դեմ քվեարկությունը վերջում տեխնիկական գործողություն է։ Մինչ այդ պետք է քաղաքականապես անվավեր դարձնել ծրագրի մեկնակետը։ Որովհետև եթե ընդունեցիր նրանց նկարագրած իրականությունը և սկսեցիր վիճել միայն թվերի շուրջ, արդեն խաղում ես նրանց դաշտում։ Իսկ ընդդիմության խնդիրը իշխանության ծրագրում ավելի լավ թվեր գրել տալը չէ։ Ընդդիմության խնդիրը ցույց տալն է, որ մինչև 2031-ի խոստումները քննարկելը իշխանությունը պարտք ունի 2021–2026-ի իրականության նկատմամբ։ Այդ պարտքի անունը քաղաքական պատասխանատվություն է։ Պետք է ապացուցի, որ կառավարությունը դեռ չի պատասխանել այն հարցին, թե ինչ եղավ իր նախորդ ծրագրով նախատեսված Հայաստանի հետ։ Մինչև այդ հարցի պատասխանը չկա, նոր ծրագիրը ապագայի փաստաթուղթ չէ, այն անցյալի պատասխանատվությունից փախուստի փաստաթուղթ է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ