Ալմա-Աթայի հռչակագրի քողի տակ. Փիրուզա Մելիքսեթյան
ՈՒսանելի այս օրինակի ֆոնին հայացքս ակամայից թեքվում է դեպի հայաստանյան ողբերգական իրականություն։
Արդեն երրորդ օրն է՝ աչալրջորեն հետևում եմ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության քայլերին ու հայտարարություններին։ Դեռևս ակնկալում եմ նրանց համատեղ, ջախջախիչ խոսքն ու քաղաքական խիստ գնահատականը՝ ուղղված ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող օբյեկտին, որը, ինչ-ինչ քարտեզներ վկայակոչելով, մեր հայրենիքի ինքնիշխան հատվածները կրկին փորձում է հանձնել թշնամուն։
Սպասում եմ նաև համազգային հստակ քայլերի, միասնական ճակատի ձևավորմանն ու որոշիչ գործողությունների մեկնարկին։ ՈՒզում եմ հավատալ, որ գալիք սեպտեմբերն իսկապես թեժ է լինելու՝ ի նպաստ մեր ազգային-պետական շահերի, և չի՛ դառնալու հերթական հիասթափության վավերագիրը։
Որքան էլ հայոց քաղաքական դաշտում դեռևս անհասկանալի ընդարմացում է, իսկ օրենսդիրն աշխատանքային ժամերին զբաղված է փողոցային «հաշվեհարդարներով» ու «քեռկնոջ» մակարդակի կենցաղային վեճերով, մենք՝ որպես պատասխանատվություն կրող քաղաքացիներ, պարզապես իրավունք չունենք լռելու։
Փորձենք հուշել պաշտոնական ընդդիմությանը, թե ՔՊ-ական թերուսների «ամուլ» օրակարգը լեգիտիմացնելու փոխարեն՝ ինչով պետք է զբաղվեր դեռևս օգոստոսի 20-ից։ Այն օրվանից, երբ երկրի վարչապետի աթոռին տիրացած քաղաքական Պոլիշինելը հերթական անգամ փորձեց հայոց հազարամյա հայրենիքն ու պետականությունը տեղավորել կենցաղային «հարմարվողականության» և թշնամական օրակարգին սպասարկող «չափումների» մեջ։
Անձամբ ես՝ երկրի թիվ մեկ ամբիոնից ակնկալում էի լսել անկեղծ ու վճռական խոսք՝ ուղղված ոչ միայն ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողին, այլև ՄԱԿ-ի անդամ երկրներին, Եվրոպական խորհրդարանին, ԵԱՀԿ Մինսկի խմբին (որը փաստացի լուսանցք մղվեց ու կազմալուծվեց Ալիև-Փաշինյան զույգի հետևողական ջանքերով) և համահայկական Սփյուռքին։
Ինչպիսի՞ն եմ պատկերացնում այդ ուղերձի բովանդակությունը.
«Քաղաքացի՛ Փաշինյան,
Հայտարարելով, թե հայկական բնակավայրերն ու ռազմավարական տարածքները «Հայաստան չեն», իսկ սեփական հողն ու ժողովրդին պաշտպանելը՝ «անցյալ ու փակված էջ», Դուք ոչ միայն հրաժարվում եք ՀՀ Սահմանադրությամբ Ձեզ վերապահված պարտականություններից, այլև հենց Երևանի սրտից լեգիտիմացնում եք թշնամու ապօրինի ներկայությունն ու օկուպացիան Տավուշում, Ջերմուկում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Սյունիքում։
Ձեր թերի կրթությամբ Դուք փորձում եք «պատմության և քարտեզագրության դասեր» տալ մի ազգի, որի քաղաքակրթական հետքը, վանքերն ու սրբավայրերը փորագրված են այս տարածաշրջանի յուրաքանչյուր քարի վրա՝ Ձեր նախընտրած թշնամական ցեղերի հայտնվելուց հազարավոր տարիներ առաջ։
Հիշեցնենք, որ 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով զոհաբերված Նախիջևանը, այդ նույն փաստաթղթի 3-րդ հոդվածով, սահմանվել է որպես ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության (խնամակալության/հովանավորության) ներքո։ ՈՒշադիր ընթերցե՛ք պատմական փաստաթղթերն ու դրանց իրավական ձևակերպումները, և կտեսնեք անհերքելի ճշմարտությունը. Նախիջևանն իրավականորեն երբեք չի եղել Ադրբեջանի անբաժանելի մասը։ Այն ընդամենը խնամակալության տակ տրված տարածք էր (պրոտեկտորատ), որի նկատմամբ Ադրբեջանը երբեք չի ունեցել ինքնիշխան տնօրինման իրավունք։
Իսկ ի՞նչ ճակատագիր էր վերապահված Տիգրանաշենին։
Երբ 1921 թվականին ոսկերչական ճշգրտությամբ՝ բառացիորեն մեկ քարի հեռավորությամբ գծվում էին Նախիջևանի սահմանները, Տիգրանաշենը որևէ աղերս չուներ այդ երկրամասի հետ։ Իրավական բոլոր փաստաթղթերով այն անվերապահորեն Հայաստանի տարածք էր։ ՈՒստի այսօր այդ հայկական բնակավայրն «ադրբեջանական անկլավ» կոչելը նշանակում է սպասարկել ու մարմնավորել պատմական այն կեղծիքը, որը կատարվեց հետագա տասնամյակներին՝ «խորհրդայնացման» քողի տակ, Ադրբեջանի օգտին գծված ապօրինի ու մանիպուլյատիվ քարտեզներով։
Հետևաբար՝ Ալմա-Աթայի հռչակագիրը տեղին-անտեղի մի՛ փորձեք փաթաթել ժողովրդի վզին՝ որպես սահմանազատման անվերապահ «սուրբ գիրք»։
1991 թվականի այդ հռչակագրի տեքստում չկա՛ և ոչ մի բառ ներքին վարչական սահմանների կամ անկլավների ավտոմատ ճանաչման մասին։ Դրանով պետություններն ընդամենը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Իսկ Տիգրանաշենը խորհրդային կեղծ քարտեզներով կլանելը եղել է բացահայտ ապօրինություն, որը միջազգային և ոչ մի հռչակագիր ի զորու չէ լեգիտիմացնել։
Եվ այսօր կառավարական բարձր ամբիոնից, կեղծ ֆալցետով՝ ի լուր թուրքական ունկերի, այդ փաստաթղթի հետևում թաքնվելն ու պատմական կեղծիքը որպես միջազգային իրավունք ներկայացնելը սոսկ սեփական տկարությունն ու անվերջանալի զիջումները քողարկելու ձախողված փորձ է։
Գիտելիքների Ձեր պրիմիտիվ պաշարով, բայց անպարագիծ ամբիցիաներով երբևէ հասկանալու՞ եք մի աքսիոմատիկ իրողություն. թե՛ ժամանակակից Թուրքիայի, թե՛ արհեստածին Ադրբեջանի հողն ու ընդերքը ողողված են հնագիտական այնպիսի հարստությամբ, որը քարե լեզվով է աղաղակում՝ Ձեր այսօրվա հովանավորների բարբարոս նախնիների հայտնվելուց հազարամյակներ առաջ այս ամբողջ տարածաշրջանում ծաղկել ու արարել է հայկական քաղաքակրթությունը։ Եվ այդ պատմական հիշողությունը ո՛չ Ալիևի, ո՛չ էլ Էրդողանի որևէ կեղծ քարտեզով հնարավոր չէ ջնջել։
Ի վերջո, հստակեցրե՛ք՝ այդ ո՞ր քարտեզների և ո՞ր պատմության մասին եք խոսում։ Հայոց ցեղասպանությա՞ն, որը ջանադրաբար փորձում եք ժխտել, թե՞ Բաքվի ու Սումգայիթի ջարդարարության, զանգվածային սպանությունների և տեղահանությունների մասին պատմող թուրք-ադրբեջանական «ճանապարհային ուղեցույցի»։
Թերևս, քանի որ հենց դա՛ է Ձեր նախընտրած ռազմավարական «գործընկերների» արյունոտ անցյալը։
ՈՒստի, Հայոց պատմությունը ջանադրաբար խեղաթյուրող պարո՛ն, Ձեզ համար չափազանց օգտակար կլիներ ի վերջո ճանաչել հատկապես ա՛յն քարտեզներն ու սահմանները, որոնք դրոշմված են գենետիկ հայի սրտում ու հավաքական հիշողության մեջ։
Բայց մինչ այդ ստիպված եք հասկանալ (որքան էլ Ձեզ համար դժվար լինի)՝ հազարամյակների անցյալից դեպի հավերժություն ձգվող հայկական՝ ոչ թե գլխարկին գրված «дух»-ի, այլ իրական ոգու սահմանները, ենթակա չեն թղթի վրա արտացոլված աշխարհագրական՝ հարատև փոփոխվող գծերին։
Նրա սրտի տիրույթը միշտ էլ հասնելու է Շուշի ու Ստեփանակերտ, Անի, Վան ու Կարին, Կարս ու Կիլիկիա, որովհետև, ինչպես ասում են, կորսված է միայն այն հայրենիքը, որը մոռացվել է (ինչն այսօր դարձել է ՔՊ-ի «հավատո հանգանակը»), իսկ մեր հավերժական ոգին երբե՛ք չի հարմարվելու օտարի գծած վաղանցիկ սահմանագծերին։
Մենք ազդարարում ենք Միջազգային հանրությանը և Համահայկական Սփյուռքին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքների, պատմական հողերի ու քաղաքացիների անվտանգության հաշվին արվող ցանկացած բանավոր կամ գրավոր միանձնյա զիջում ՈՉ ԼԵԳԻՏԻՄ Է և չի արտահայտում ազգի հավաքական կամքը։
Պատմությունը ոչինչ չի մոռանում, իսկ հայ ժողովուրդն իր սեփական տանը կամավոր գերի դառնալու դատավճիռը ԵՐԲԵՔ չի ստորագրելու՝ դրանից բխող բոլոր ածանցյալներով»։







































