Կառավարման այս համակարգը ունի լրջագույն թերություններ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը։

Դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել է, որ նախագահի թեկնածուն պետք է ներդաշնակ լինի իշխող քաղաքական թիմի հետ և հարցին՝ այդ ձևակերպումն իր համար կաշկանդո՞ղ է, Խաչատուրյանը ներկայացրեց նախագահի պաշտոնի վերաբերյալ իր մոտեցումը։

«Այդպես էլ պետք է լինի։ Կառավարման այս համակարգի վերաբերյալ իմ բացասական մոտեցումները հայտնի են․ մեր պայքարը 2015-ից առաջ էր, ճիշտ էինք, որ կառավարման այս համակարգը ունի լրջագույն թերություններ՝ հաշվի առնելով մի հանգամանք, որ մենք դեռևս կայացած ժողովրդավարական երկիր չէինք, և մեզ մոտ հատկապես քաղաքական ու պետական ինստիտուտներն առանձնահատուկ չէին աշխատում։ Դրանց չկայացման մեղավոր են եղել ոչ թե գործող օրենքները կամ Սահմանադրությունը, այլ իշխող ուժի մոտեցումները։ Բոլոր դեպքերում, կա Սահմանադրություն, որով ապրում ենք, և դրանում եղած պաշտոնները, այդ թվում՝ երկրի նախագահն ունի որոշակի լիազորություններ, և Սահմանադրության տրամաբանության մեջ այդ լիազորությունները պետք է կատարվեն»,-ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սուքիասյանների ընտանիքին պատկանող բանկի խորհրդի անդամի լիազորությունները ե՞րբ են դադարեցվել, ինչին ի պատասխան՝ Խաչատուրյանը նշեց՝ հենց այն օրը, երբ զբաղեցրել է նախարարի պաշտոնը։ «Ես օրենքը շատ հարգող մարդ եմ, մի սկզբունք էլ ունեմ՝ գործող օրենքը երբեք չեմ քննադատում, կատարում եմ այդ օրենքի պահանջները, եթե ինչ-որ բան չի համապատասխանում, կփորձեմ փոխել»,-ասաց նախարարը։

Անդրադառնալով «Հետքի» հրապարակամանը, համաձայն որի՝ Վահագն Խաչատուրյանի ստորագրությամբ Սուքիասյանների ընտանիքին բավական մատչելի գնով վաճառվել է պատմական կառույց, նախարարն արձագանքեց՝ ինքն է խնդրել, որ գնեն այդ շենքը։

«Ես եմ խնդրողը եղել, շատերին եմ խնդրել, արձագանքողները քիչ են եղել։ 1993-1995 թվականներին Երևանում ներդրում անողների թիվը անսահման փոքր էր»,-ասաց նա՝ նշելով, թե մանրամասներ կհայտնի։

Դիտարկմանն էլ՝ ասում են՝ ՀՀՇ-ն վերադառնու՞մ է, Խաչատուրյանն արձագանքեց, թե եղել է ՀՀՇ շարքային անդամ, բայց՝ ոչ կուսակցական։ «Դրա անդամ եմ 1988-ից։ Ցավոք, այն խնդիրները, որ դրել ենք այն ժամանակ, մինչև հիմա չենք կարողացել իրականացնել՝ ունենալ ազատ, անկախ ՀՀ, որտեղ բոլորս երջանիկ լինեինք, անհոգ ապրեինք»,-ասաց նա։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն