Tert.am-ը հրապարակում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հոդվածը, որում վերջինս անդրադարձել է այսօր հրապարակված՝ 2021թ․-ի ՀՀ սոցիալ-տնտեսական ամփոփ նախնական ցուցանիշներին: Հոդվածը՝ ստորև.

Այսօր հրապարակվեցին 2021թ․-ի ՀՀ սոցիալ-տնտեսական ամփոփ նախնական ցուցանիշները։ Այսպիսով ևս մեկ անգամ փաստվում է․

Հայաստանում շարունակում է նվազել կյանքի որակը, զուգահեռաբար՝ աճում է աղքատությունը և սրվում են սոցիալական խնդիրները։

Փաստերը՝ թվերով (ցուցանիշները բերված են ստորև՝ աղյուսակում)․

1․ Հայաստանում նվազագույն աշխատավարձով են աշխատում աշխատողների շուրջ ¼-րդ մասը։ 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին նվազագույն ամսական աշխատավարձի, ինչպես նաև հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափերը չեն ավելացել, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է մոտ 21,7 տոկոսով։

Մաասնավորապես՝ 2021թ․-ին նվազագույն ամսական աշխատավարձը կազմել է 68000 դրամ, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը՝ շուրջ 73400 դրամ։

2․  2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին չեն ավելացել նաև սոցիալական նպաստի բազային և միջին չափերը, կենսաթոշակի նվազագույն և հիմնական չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները։

3․ 2022թ․-ին ևս չեն ավելանալու նվազագույն և բազային աշխատավարձերի, հիմնական կենսաթոշակի չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները, սոցիալական նպաստի բազային չափը։

Այսինքն՝ շուրջ 585000 կենսաթոշակառուներից ու սոցիալական նպաստառուներից 485000-ի կամ 83 տոկոսի նպաստներն ու թոշակները չեն ավելացել նաև 2022թ․-ին։ Մնացած 17 տոկոսի նպաստներն ու թոշակներն ավելացել են աննշան չափերով՝ միջինը 2-3 հազար դրամով։

4․ Փոխարենը՝ միայն 2021թ․-ին արդեն ունենք սպառողական գների 7,2 տոկոս, սննդամթերքի միջին գների 11,5 տոկոս, նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքի մոտ 21,5 տոկոս աճեր։ Իսկ 2022թ․-ի համար օրվա իշխանությունը կանխատեսել է սպառողական գների մինչև 5,5 տոկոս աճ։

5․ 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,6 տոկոսով: Ինքնին խնդրահարույց է աճի այս ցուցանիշը՝ ընդամենը 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ֆոնին։

Նույնիսկ միջին աշխատավարձի ուռճացված աճի այս ցուցանիշը գրեթե 3 անգամ զիջում է նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքի աճին, սննդամթերքի միջին գնաճից պակաս է շուրջ 1,5 անգամ, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների (ձու, ձեթ, բանջարեղեն, շաքար և այլն) միջին գնաճից՝ շուրջ 4 անգամ։ Այլ կերպ ասած՝ 2021թ․-ին ևս աշխատողների միջին իրական աշխատավարձերը, հետևաբար նաև՝ գնողունակությունը նվազել են։

6․ 2021թ․-ին ՀՀ քաղաքացիներն ավելի վատ են ապրել, քան 2020թ․-ին, երբ առկա էին COVID-19-ի տնտեսական համատարած ու չարդարացված սահմանափակումների, դրան էլ գումարած՝ 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքները։ Ընդ որում՝ 2019թ․-ի համեմատ 2020թ․-ին շուրջ 0,6 տոկոսային կետով աճել է աղքատության միջին մակարդակը, որի գործոնները սաստկացել են 2021թ․-ին և պահպանվում են 2022թ․-ին։ ՀՀ քաղաքացիները հաջորդ տարի ևս ավելի վատ են ապրելու, քան այս տարի։

7․ Փաստորեն՝ օրվա իշխանությունների կեղծ խոստումներն օր-օրի բացահայտվում և փոխարինվում են ավելի մեծ ստերով։


            Ցուցանիշներ        2020թ․        2021թ․
նվազագույն ամսական աշխատավարձ (դրամ)       68000       68000
բազային աշխատավարձ (դրամ)       66140       66140
միջին ամսական անվանական աշխատավարձ (դրամ)      192621       204048
սոցիալական նպաստ միջին չափ (դրամ)      31350       31350
սոցիալական նպաստի բազային չափ (դրամ)      18000       18000
նվազագույն կենսաթոշակի չափ (դրամ)      26500       26500
հիմնական կենսաթոշակի չափ (դրամ)      18000       18000
նվազագույն սպառողական զամբյուղի արժեք (դրամ)՝ ըստ ՀՀ ԱՆ ցուցանիշների      60305       73400
սպառողական գների ինդեքս՝ նախորդ տարվա համեմատ (%)      104․5       107․2

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն