Հրապարակվել են հրադադարից հետո ադրբեջանական կողմի կորուստները
Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտի կորուստները 2020թ. նոյեմբերի 10-ից մինչև 2021թ. հունվարի 31 – ը կազմել են 110 մարդ:
Այս մասին հայտնում է Բաքվի Turan գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական հետազոտությունների Կասպիական ինստիտուտի հաղորդագրությունը։
Ինստիտուտի տվյալներով՝ 15 զինվորականներ զոհվել են հակառակորդի գնդակից, 10 – ը՝ պայթել ականի վրա, մյուսները զոհվել են ոչ մարտական պայմաններում: Զինվորականների զոհվելու դեպքերի մեծ մասը հաստատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ուժային այլ գերատեսչությունների կողմից։
Բացի հակառակորդի գնդակից զոհված 15 և ականի վրա պայթած 10 զինվորականներից, ևս 14 մարդ զոհվել է ուղղաթիռի կործանման հետևանքով, 12-ը՝ ավտովթարից, 12 – ը՝ դժբախտ պատահարներից, 10 – ը՝ հիվանդություններից, 9 – ը՝ անհայտ պատճառներով, 9 – ը՝ պատերազմում ստացած վնասվածքներից, 5 – ը՝ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների արդյունքում, 2 – ը՝ հատուկ գործողությունների ընթացքում, 12-ը՝ ինքնասպանություն են գործել: Ընդհանուր կորուստներից 84-ը, այդ թվում 11 մարտական և 73 ոչ մարտական, 2021 թվականին են տեղի ունեցել:
Ընդ որում, մինչպատերազմյան 2019 թվականին, ինստիտուտի տվյալներով, կորուստները կազմել են 47 մարդ, այդ թվում նրանցից 9 – ը զոհվել են մարտական պայմաններում, 38-ը՝ ոչ մարտական:
2022 – ի հունվարին կորուստներն արդեն կազմել են 11 մարդ, այդ թվում՝ 1 զինծառայող զոհվել է հակառակորդի գնդակից, 3 – ը մահացել են ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում, 2-ը՝ անհայտ պատճառներով, 3 – ը՝ հիվանդության պատճառով, 1 – ը՝ դժբախտ պատահարի հետևանքով, 1-ը՝ ինքնասպանություն է գործել։
Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտը կորուստների աճի միտում է նշում, հատկապես՝ ոչ մարտական։
Armeniatoday.news



















