Դուք լսե՞լ եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան` ի՞նչ է լինելու, վերջապես, Ղարաբաղի խնդիրը․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ բացառիկ հարցազրույց է տվել հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանին։ Հարցազրույցը ներկայացնում ենք հարց ու պատասխանով՝ ըստ թեմաների։
- Դուք մշտապես հայտարարել եք, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Կուսակցական վերջին համագումարում ասացիք, որ Արցախը միշտ լինելու է հայկական, և իշխող ուժը փորձեց խոսքային տարբերություն որսալ Ձեր այդ ասածի մեջ:
- Բայց դրա տարբերությունը ո՞րն է: Այսինքն, ի՞նչ է նշանակում զուտ հայկական, կարող եք ինձ ասել:
- Ադրբեջանի կազմում չի կարող լինել հայկական Արցախ:
- Իհարկե, ոչ: Եվ միգուցե մի քիչ առաջ եմ ընկնում` պատասխանելով Ձեր չհնչեցրած հարցերին, այդ թվում նաև իր այսպես կոչված փաստարկներին, որ, եթե այնտեղ ընտրություններ լինեին, ադրբեջանցիներ էլ կընտրվեին, հետո՞: Մենք, ի՞նչ է, ֆաշի՞ստ ենք: Մենք ռասի՞ստ ենք, որ ասենք Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի խորհրդարանը պետք է բաղկացած լինի զուտ հայերից: Եթե զուտ հայերից չի բաղկացած, դա նշանակում է, որ հայկական չի՞: Այսօր Հայաստանի Ազգային ժողովում զուտ հայե՞ր են ընտրված որպես պատգամավոր: Այսինքն՝ ինչի՞ մասին է խոսքը: Եթե սա մանիպուլյացիա է, ապա չհաջողված մանիպուլյացիա է: Եթե սա, ինչ ասեմ, գիտելիքի խնդիր է, ապա զավեշտական է: Եվ իմ ասածը նաև, իհարկե, մեսիջ է միջազգային հանրությանը, որովհետև նույն համանախագահները, նույնիսկ կործանարար պատերազմից հետո, էլի խոսում էին հիմնարար սկզբունքների մասին:
-Բայց շատ վաղուց արդեն չեն խոսել:
-Շատ վաղուց չեն խոսել, որովհետև դրա մասին խոսող չկա: Դուք լսե՞ք եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան` ի՞նչ է լինելու, վերջապես, Ղարաբաղի խնդիրը: Նրանք ամենաշատը, որ անում են, հղում են կատարում իրենց դեռևս պատերազմից առաջ, թե պատերազմից հետո նույնիսկ, իրենց կառավարության ծրագրին: Ինչո՞ւ: Ամաչո՞ւմ են: Վախենո՞ւմ են: Թե՞, իրենց ասած, բանավոր պայմանավորվածություններ կան, որոնք խոչընդոտում են այսպիսի արտահայտություններին:
Tert.am