Այլընտրանք չունեցող թեկնածու. Վահագն Խաչատրյան
Առանց խորանալու երևույթների, մարդկանց որակների մեջ, գուցե, տեղին չէ դատողություններ անել:
Բավական էր, որ Վահագն Խաչատրյանի անունը դրվի շրջանառության մեջ, միանգամից բուռն արձագանքներ եղան, հիմնականում՝ բացասական, ընդհուպ՝ անձնական վիրավորանքի, համարյա՝ Հովհաններս Թումանյանի «Շունն ու Կատուն» հանճարեղ ստեղծագործության ոգով: Բայց, Թումանյանը մնացել է կոռեկտության շրջանակներում (չի ասել առնետ ու նման բաներ). Ահավասիկ, համոզվեք, որ կարելի է նաև գեղեցիկ, գեղարվեստական բանավեճ ծավալել.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…
Բանը հասավ դիվանբաշուն:
Մինչդեռ, տեղին կլիներ ներկայացնել նրա մասնագիտական որակները: Եթե դրանցում գտնվեն բաց տեղեր, կարելի է նաև հայտնել կարծիքներ, տարակուսանք, բայց՝ հիմնավոր: Օրինակ, թվում է, թե նա լիովին համապատասխանում է ՀՀ նախագահի պաշտոնին: Փաստարկնե՞ր: Խնդրեմ:
Նախ, նա եղել է գործարանի գլխավոր տնօրենի տեղակալ, ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետ և ներկայում՝ ՀՀ ԲՏ նախարար: Նա օժտված է բարձր կամային հատկանիշներով: Քառորդ դար անց, հանգիստ ու համաչափ, կշռադատված քայլերով նա կրկին բարձր պաշտոնի է հասել: Նախանձելի նպատակասլացություն: Նրա շնորհիվ շուտով բանակը մինչև ատամները կզինվի առաջնակարգ ԱԹՍ-ներով. բայրաքթարը կգնա վաստակած հանգստի:
Թվարկածը ոչինչ է այն ամենի համեմատ, ինչը սպասվում է առջևում: Ֆրանսիական ձևով ՀՀ նախագահի բարձր պաշտոնից հեռանալով, նախկին նախագահն անտերության է մատնել ATOM ծրագիրը, արհեստական ինտելեկտը, քվանտային աշխարհը: Բացի դրանից, մանր-մունր բաներ էլ կան, որոնց պետք է տեր կանգնել. միլիարդավոր դոլարի ներդրումային ծրագրեր, թռիչք տիեզերք… Այդ ամենն ի զորու է անել բարձր տեխնոլոգիաներին առնչված, դրանց զարգացմանն արագացում հաղորդած անձնավորությունը, այսինքն՝ Վահագն Խաչատրյանը:
Այնպես, որ, եթե նա սիրահոժար ցանկանում է մտնել այս բեռի տակ, պետք է միայն ողջունել նրան և մաղթել հաջողություն:
Ի վերջո, մի բան պետք է լավ գիտակցել, հենց այնպես քաղաքապետ ու նախարար չեն դառնում, ինչ-որ արժանիքներ եղած կլինեն` բացառիկ արժանիքներ:
Գագիկ Վարդանյան
Hraparak.am