Շիրակի մարզպետը հույս է հայտնել, որ ՌԴ-ն առաջիկայում կաջակցի Ադրբեջանից գերիների վերադարձին
Աշխատանքային այցով փետրվարի 1-ին Շիրակի մարզում է եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ողջունելով դեսպանի այցը Գյումրի, կարևորեց հայ-ռուսական սերտ փոխհարաբերությունները:
«Տարին հոբելյանական է՝ նշվում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ու այս տարվա շրջանակներում մի շարք միջոցառումներ ենք նախատեսում, որոնցով ավելի կխորացնենք մեր հարաբերությունները: Ես՝ որպես մարզպետ, շահագրգիռ եմ այդ հարաբերությունների խորացման հարցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շիրակի մարզպետը՝ տեղեկացնելով, որ իր հանձնարարականով հոբելյանական տարվա շրջանակներում մարզի թանգարաններն արդեն ունեն ռուսական ծրագրեր ու ռուսերեն էքսկուրսիաներ:
Անդրադառնալով հոբելյանական տարվա շրջանակներում նախատեսվող միջոցառումներին՝ Շիրակի մարզպետը նշեց, որ դրանք բազմաբնույթ կլինեն՝ ընդգրկելով մարզի բոլոր համայնքները:
«Նախատեսում ենք, որ կլինեն «Ռուսական օրեր», որի ընթացքում Ռուսական ռազմաբազայում կհայտարարվի Բաց դռների օր, միջոցառումներ կլինեն նաև մարզի այլ համայնքներում»,- նշեց մարզպետը:
«Հատկապես Գյումրին կարևոր քաղաք է հայ-ռուսական հարաբերությունների առումով՝ ռուսական ռազմաբազայի, սահմանապահ ջոկատի, գլխավոր հյուպատոսության, Ռուսական Տան առկայությունն արդեն իսկ խոսում են այդ հարաբերությունների մասին: Գյումրիում վերջերս նաև բացվել է ռուսաց լեզվի կրթական կենտրոն, գործում է ռուսական տեղեկատվական կենտրոնը: Լավ հարաբերություններ կան նաև «Շիրակի» պետական համալսարանի հետ: Մարզային ու քաղաքային իշխանությունների հետ միշտ էլ ջերմ հարաբերություններ ենք ունեցել ու շատ ուրախ եմ, որ այդ հարաբերություններն այդպես էլ շարունակվում են: Վստահ եմ՝ մարզն ու հատկապես Գյումրին ունեն այդ հարաբերությունները զարգացնելու բոլոր հնարավորությունները»,-նշեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ կարևորելով նաև Շիրակի և ՌԴ Ուլյանովսկի մարզերի միջև դեռ 2009 թվականին ստեղծված փոխհարաբերությունները:
Հանդիպման ընթացքում ՌԴ դեսպանը ներկայացրեց նաև այն բոլոր ծրագրերը, որոնք ՌԴ կողմից իրականացվում են Հայաստանում; «Կարևոր է նաև Հարավկովկասյան երկաթուղու ու ռուսական լոուքոստերների առկայությունն այստեղ: Այնպես որ մարզն ու Գյումրին շատ կարևոր են մեր հարաբերությունների համար»,-հավելեց դեսպանը:
Մարզպետը կարևորեց այս ընթացքում գերիների վերադարձի հարցում ռուսական կողմի ու ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահների կատարած կարևոր աշխատանքը: Այս ընթացքում Շիրակի մարզի 29 բնակիչ ռուսական կողմի աջակցությամբ արդեն վերադարձել է Հայաստան: Մարզպետը, դեսպանին փոխանցելով այս պահին Ադրբեջանում գտնվող շիրակցի ևս 33 գերիների ծնողների խնդրանքը, հույս հայտնեց, որ առաջիկայում ռուսական կողմը կաջակցի նաև նրանց վերադարձին:
Արմենուհի Մխոյան
Armenpress.am