ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, թե իր չհայտարարագրած գույքի մասին «Փաստերի ստուգման հարթակի» (Fip.am) այսօր ներկայացրած նոր ինֆորմացիան կրկին չի համապատասխանում իրականությանը։

«Հարգելի հայրենակիցներ, այսօր մի լրատվական կայք, որն արդեն վաղուց մեծ ջանասիրությամբ փորձում է ինչ-որ անհամապատասխանություններ գտնել իմ ունեցվածքի մեջ, արդեն երկրորդ անգամ է՝ տեղեկություն է հրապարակում մակերեսային հետազոտությունների հիման վրա և հայտնվում է ծիծաղելի վիճակում:

Այսօր կրկին հայտարարել է, թե իբր ես չհայտարարագրված բնակարան ունեմ, իմ այն պարզաբանումից հետո, որ այդ բնակարանը մոտ 6-7 տարի առաջ վաճառվել է, հրապարակվել է ինչ-որ տեղեկանք, ուր պնդվում է, որ ես դեռ հանդիսանում եմ նշված բնակարանի սեփականատերը:

Նշված տեղեկությունը, բնական է, նույնպես չի համապատասխանում իրականությանը, ինչի վերաբերյալ ապացույցը տեղադրված է ստորև:

Ձեզ եմ ներկայացնում նշված բնակարանի առք ու վաճառքի պայմանագիրը: Պայմանագիրը կնքված է 2016 թվականի մարտի 21-ին և օրենքով սահմանված կարգով վավերացված է նոտարական գրասենյակի կողմից:

Նշված հերթական թերի հետազոտության վերաբերյալ, ինչպես նախկինում հայտարարել եմ, հետամուտ եմ լինելու իրավական գործընթաց սկսելու հարցում»,–գրել է նա:

Այսօր ավելի վաղ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Փաստերի ստուգման հարթակ» առաջին հրապարակմանը, ասել էր, որ բնակարանը, որի մասին գրել է հարթակը, իրենը չէ, իր տատիկինն է, որը վաճառվել է։ Դրանից հետո «Փաստերի ստուգման հարթակը» նոր նյութ է հրապարակել, որում նշվում է, որ Կադաստրի տեղեկանք կա այն մասին, որ Ալեն Սիմոնյանն այդ բնակարանի համասեփականատեր է։

Ալեն Սիմոնյանի ներկայացրած պայմանագրի լուսանկարները՝ ստորև։






Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն