Ինչպե՞ս են Մատենադարանում նորից «ստեղծվում» միջնադարյան ձեռագիր մատյանները
Այս մարդիկ միակն են, որ ամիսներով, հաճախ նույնիսկ տարիներով աշխատում, չարչարվում են, հետո, երբ ավարտում են աշխատանքը, սկսում են պատռել, քրքրել, ծակծկել, նույնիսկ վառել իրենց ստեղծածը։
Մատենադարանում ձեռագրերի կրկնօրինակման բաժին կա։ Լուսավոր, լուռ ու խորհրդավոր սենյակում մանրանկարիչները, մակետավորողներն իսկական միջնադարյան վարպետների նման ու գրեթե նույն տեխնիկայով կրկնօրինակում են ձեռագիր մատյանները։
«Այս պահին կրկնօրինակում եմ միջնադարյան ձեռագիր, որն ինձ համար շատ կարևոր է, քանի որ Գրիգոր Նարեկացու գրչի գործն է։ Նկարը դեռ գծանկարի փուլում է, դեռ թուղթն եմ մշակում, փորձում եմ ստանալ թղթի ֆակտուրան»,-պատմում է մանրանկարիչ Հասմիկ Պետրոսյանը։
Առավոտյան աշխատանքն անպայման աղոթքով են սկսում։ Հասմիկ Պետրոսյանն հպարտանում է՝ եզակիներից է, որ կարող է ձեռք տալ ու շփվել իրական ձեռագրերին, օրինակ՝ Նարեկացու աշխատություններին։
«Մի քանի անգամ տեքստի վրայով անցնում եմ, թե գծանկար անելուց, թե հետո վրձնով աշխատելուց անպայման կարդում եմ»։
Պատմում են՝ յուրաքանչյուր ձեռագրի կրկնօրինակումը կարող է ամիսներ, հաճախ նաև տարիներ տևել․ աշխատաքը բարդ է, իսկ նպատակը բնօրինակ ձեռագրերի կյանքը երկարացնելն է՝ ասում է Մատենադարանի ձեռագրերի կրկնօրինակման բաժնի վարիչ Լիլիթ Ամիրջանյանը․
«Ձեռագիրի բնօրինակները պահվում են հատուկ պայմաններում, իսկ կրկնօրինակը կարելի է տեղափոխել, ցուցադրել։ Այսինքն՝ մենք այս կերպ բնօրինակ ձեռագրերի կյանքն ենք երկարացնում։
Միջնադարյան ձեռագրերը ճշգրտորեն կրկնօրինակելու համար առաջին հերթին թափանցիկ թղթի վրա նկարում ենք նախնական ուրվապատկերը գելային գրիչով, այնուհետև այդ ուրվապատկերը, փոխադրում ենք հիմնական թղթի վրա, ճշգրտում ենք՝ ըստ բնօրինակի, որից հետո արդեն պատրաստվում են ոսկին և մնացած գույները․ օգտագործում ենք միայն բնական ներկեր, որոնք պատրաստված են մեղրով կամ բնական հանքանյութերով»։
Մանրանկարի կրկնօրինակմանը զուգահեռ նաև ձեռագիր մատյանի մակետն է պատրաստվում։ Հատուկ այս նպատակով օգտագործվող մագաղաթանման թղթերը նախ կտրատվում են համապատասխան չափերով, ապա վարպետ– մակետավորողները դրանք կարում են այնպես, ինչպես միջնադարյան վարպետները, հետո կազմում և գրքի տեսք են տալիս՝ պատմում է Լիլիթ Ամիրջանյանը․
«Սա, օրինակ, Ավետարանն է, որի նկարները, էջերը և անվանաթերթը պատրաստելուց հետո կազմում ենք և դառնում է գիրք։ Կազմելուց հետո պատռում ենք, քրքրում ենք, տանջում ենք, ներկում ենք։ Այնպես, ինչպես հին բնօրինակ ձեռագրերում են էջերը, թելերը պատռված, մենք էլ ենք պատռում։ Այս գործընթացը տևում է ամիսներ, մինչև անգամ 6 ամիս կամ տարի»։
Խոստովանում են՝ ամենաբարդը համապատասխան գույները ստանալն է, ճիշտ երանգի ընտրությունից հետո ստիպված են լինում նաև ներկի հնությունը ստանալ, նկարելուց հետո էլ ներկը քերում են այնպես, կարծես մաշվել է դարերի ընթացքում։
«Սա Մալաթիայի Ավետարանի իմ կրկնօրինակն է։ Ամենածանրը ոսկին մշակելն է ու ոսկու համապատասխան գույնը, փայլը և մաշվածությունը ստանալը։ Պատահել է, որ դրված է եղել, և առաջին հայացքից ես էլ չեմ տարբերել բնօրինակը կրկնօրինակից»,-ասում է Լիլիթ Ամիրջանյանը։
Դեռ միջնադարում են ձեռագրերը պահպանելու կամ փոխանցելու համար կրկնօրինակվե, այսօր Մատենադարանի մանրանկարիչ–վարպետներն ասում են՝ 32-րդ դարում էլ գուցե հիշեն, որ 21-րդ դարում Նարեկացուն կրկնօրինակել է, օրինակ, Հասմիկ Պետրոսյանը։ Եթե միջնադարում հատուկ եղեգնյա գրիչներ էին օգտագործում, ապա հիմա բնագրերը կրկնօրինակում են միայն հատուկ վրձիններով․ ներկով աշխատելիս սխալները շտկելը ավելի հեշտ է։
«Բնագրային կրկնօրինակումը բավական դժվար է, ամեն տեսակ գիր մենք կրկնօրինակում ենք՝ նոտագիր էլ ունենք, բոլորագիր էլ, մաշտոցյան երկաթագիր էլ, հին ժամանակներից եկած բոլոր գրերը ունենք»,– ասում է կրկնօրինակման բաժնի վարիչը։
Ամենամեծ աշխատանքը Արցախի Գանձասարի Մատենադարանի համար են իրականացրել, շուրջ 100 ձեռագիր են կրկնօրինակել, ցավում են, որ 44-օրյա պատերազմից հետո ձեռագրերը ստիպված Երևան են տեղափոխել։ Հիմա աշխատում են Տավուշի վանքերում ստեղծված ձեռագրերի կրկնօրինակման վրա։ Առաջիկա 1 տարվա ընթացքում Մատենադարանում 12 ձեռագիր կկրկնօրինակվի ու կփոխանցվի Տավուշի թեմին։ Դրանք կցուցադրվեն Հաղարծինի վանական համալիրի փոքրիկ թանգարանում։ Միջնադարյան վանքերը գրչության կենտրոններ են եղել՝ ասում է Լիլիթ Ամիրջանյանն ու հավելում՝ այս նախաձեռնությունը յուրահատուկ հնարավորություն է վանքերում ստեղծված և Մատենադարանում պահվող ձեռագրերը նորից վանքեր վերադարձնելու։
hy.armradio.am