Ռուսաստանում մեկ օրում փլուզվել է երկու կամուրջ․ կան զոհեր և վիրավորներ
Հունիսի 1-ի գիշերը Կուրսկի մարզում բեռնատար գնացքի անցման պահին փլուզվել է ավտոմոբիլային կամուրջ։ Դեպքը տեղի է ունեցել Ժելեզնոգորսկի շրջանի Տրոսնա-Կալինովկա մայրուղու 48-րդ կիլոմետրում։
Կամրջի փլուզման հետևանքով գնացքի մի մասը ընկել է ճանապարհի վրա, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել։ Վիրավորվել է գնացքի վարորդներից մեկը։ Տեղեկությունը հաստատել է Կուրսկի մարզի ժամանակավոր նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը։ Նրա խոսքով՝ կամրջի տակով անցնող ճանապարհը ներկայումս փակ է։
Փլուզման պատճառները դեռ պաշտոնապես չեն հայտարարվել։
Միջադեպից առաջ, նույն օրվա ընթացքում, Բրյանսկի մարզում ևս տեղի է ունեցել կամրջի փլուզում։ Այդ հատվածով անցնում էր Կլիմովո-Մոսկվա ուղևորատար գնացքը։ Կամրջի փլուզման հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից։
Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 69-ը, այդ թվում՝ երեք երեխա։ Երկու մեծահասակ և մեկ երեխա գտնվում են ծանր վիճակում, 47 վիրավորներ հոսպիտալացվել են։
Բոգոմազը նաև հայտնել է, որ կամուրջը պայթեցվել է գնացքի անցման պահին։
«Կամուրջը պայթեցվել է հենց մայրուղու վրա, երբ գնացքը շարժվում էր՝ 388 ուղևորով»,-ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
Մոսկվայի երկաթուղու մամուլի ծառայության հաղորդմամբ՝ փլուզումը տեղի է ունեցել ավտոմոբիլային կամրջի վերնաշենքի վնասման հետևանքով, որը կապված է եղել տրանսպորտային գործունեության անօրինական միջամտության հետ։