«Ժողովուրդ». Սկսվել է դատավորների գործունեությունն ուսումնասիրելու գործընթաց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունները, հասկանալով, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելով՝ չեն կարողանում նրանց վախեցնել, անցել են քրեական վարույթներին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ սկսվել է դատավորների գործունեությունը ուսումնասիրելու գործընթաց։
Այդ ուսունասիրության արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի գործավարուհու գործողությունների մասով, սակայն ավելի ուշ դատախազությունը գործը փակել է:
Հիմա էլ գործընթաց է սկսվել Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանի մասով, որի վարույթում է գտնվում Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի գործը։ Օրերս դատավոր Բախշիյանը որոշում էր կայացրել Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, ինչից հետո Մինասյանն ազատ է արձակվել։
Դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում են գտնվում նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործերը։ Ու ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների՝ այսքանով ամեն ինչ չի ավարտվում, ասել է թե՝ դատավորներին կալանքի տանելու կամ քրեական վարույթներով վախեցնելու գործընթաց է սկսվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում