Այսօրվանից ուժի մեջ է մտնում Հանրային ծառայությունները կարգավորող (ՀԾԿՀ) հանձնաժողովի՝ անցյալ տարեվերջին ընդունած որոշումը, համաձայն որի՝ 4.7 դրամով թանկանում է էլեկտրաէներգիան։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ասած «հպարտ քաղաքացիները» նախկինի համեմատ 4.7 դրամով ավելի թանկ կվճարեն իրենց սպառած յուրաքանչյուր 1 կՎտ էլեկտրաէներգիայի դիմաց։ Սրանից բացի՝ հունվարի 1-ից արդեն իսկ 20 դրամով թանկացել է խմելու ջուրը, իսկ ապրիլի 1-ից էլ, ամենայն հավանականությամբ, կբարձրանա գազի սակագինը։ Մյուս կողմից էլ ապրանքների գներն են բարձրանում։ Ու ոչ ոք կարծես դժգոհ չէ․ գոնե փողոց դուրս չեն գալիս՝ թանկացումների դեմ պայքարելու։ Չկան նախկին ակտիվիստները, որոնք տրանսպորտի, հոսանքի թանկացման դեմ էին պայքարում՝ ճանապարհ փակելով ու պիկետներ անելով, որոնք հոսանքի թանկացման դեմ էին պայքարում՝ Բաղրամյան փողոցն օրերով փակ պահելով ու իրենց ջրցանների տակ նետելով։ Ոչ մեկին այլեւս այս ամենը հետաքրքիր չէ՝ ո՛չ հողերի հանձնումը, ո՛չ հազարավոր զոհերի փաստը, ո՛չ համատարած թանկացումները։

«Էլեկտրիկ Երեւանի» ակցիաներից եւ բողոքի այլ ցույցերից աչքի ընկած երբեմնի ակտիվիստներն այսօր չկան՝ կա՛մ անցել են ընդհատակ, կա՛մ արտագաղթել են, կա՛մ պաշտոն են ստացել գործող իշխանությունների օրոք ու իրենց համար տաքուկ մի անկյունում հարմարավետ տեղավորվել։

«Էլեկտրիկ Երեւանի» ակցիաների հայտնի ակտիվիստ Կարո Ղուկասյանը հայտնի դարձավ իր մի լուսանկարով, երբ ջրցան մեքենայի ու իրենց ջրող ոստիկանների դիմաց կանգնած՝ միջնամատ էր ցույց տվել, եւ լուսանկարը դարձել էր «Էլեկտրիկ Երեւանի» խորհրդանիշը։ Իշխող թիմի անդամ Կարո Ղուկասյանը չգիտենք՝ այսօր ինչով է զբաղվում, մեզ հետ զրույցում նա չցանկացավ իր զբաղվածության մասին որեւէ բան ասել: Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, Ղուկասյանն աշխատանքի անցավ Պետական վերահսկողական ծառայությունում, բայց կարճ ժամանակ անց՝ այն ժամանակ ՊՎԾ պետ Արգիշտի Քյարամյանի հրամանով ազատվեց աշխատանքից։

Երեկ մենք կապվեցինք Կարո Ղուկասյանի հետ, հարցրինք՝ հոսանքը նորից թանկանում է, չի՞ ցանկանում դարձյալ փողոց դուրս գալ ու պայքարել դրա դեմ։ «Չէ, բայց, ամեն դեպքում, ես դեմ եմ ամեն տեսակի թանկացման»,- ասաց նախկին ակտիվիստը։

- Իսկ 2015 թվականին ի՞նչը ստիպեց մարդկանց՝ դուրս գալ փողոց եւ Բաղրամյանը փակել, ինչո՞ւ հիմա մարդիկ դուրս չեն գալիս։

- Չգիտեմ՝ անկեղծ ասած, որովհետեւ խնդիրը նրանում ա, որ երեւի թե մարդկանց մտածելակերպն ա փոխվել, կամ մարդիկ ինչ-որ մի բանից հիասթափվել են, էդ ես չեմ կարա ասեմ։ Ես կարող եմ ընդամենը տրամաբանեմ, բայց չեմ կարա ասեմ, թե մարդիկ ինչի դուրս չեն գալիս փողոց։

- Օրինակ՝ դու այն ժամանակ ինչի՞ համար էիր դուրս եկել փողոց։

- Էն ժամանակ ես, բնական է, դուրս եմ եկել լույսի թանկացման դեմ, բայց հիմա ես չեմ ուզում ոչ մի բան, պատերազմից հետո ես պասիվ կյանք եմ վարում որոշ ժամանակ՝ էդքան բան։ Հետո արդեն կերեւա։

- Իսկ դու ավելի լա՞վ ես ապրում այս թանկացումների ֆոնին։

- Հարցը լավ ապրելը չի, բնականաբար՝ ինչքան թանկացում լինում ա, մարդիկ լավ չեն կարա ապրեն։ Թանկացումը լավ բան չի, ընդհանրապես։ Բայց էդ թանկացումը պետք է հասկանանք՝ ինչի համար է թանկանում, դա ուղղակի հենց էնպես չի, կարա պատճառահետեւանքային կապ լինի, բայց դա՝ մի կողմ, ամեն դեպքում՝ թանկանում ա, ես էլ ամեն տեսակի թանկացմանը դեմ եմ, էդքան բան։ Ես էլ շատ պասիվ եմ ինձ պահում, հլը որ։

- Իսկ այն ժամանակ գուցե ուղղորդվա՞ծ էին այդ շարժումները թանկացումների դեմ։

- Շատ հնարավոր ա՝ ուղղորդված լինեին, ես չեմ կարող ասել, մենք իներցիայով միացել ենք, էդքան բան։

- Հիմա ուղղորդողներ չկա՞ն,  այդ ակտիվիստներին այլեւս չենք տեսնում փողոցում։ Արցախը հանձնեցին՝ դուրս չեկան, Հայաստանի ճանապարհները հանձնեցին՝ դուրս չեկան, հոսանքը, ջուրը, գազը թանկացնում են․․․ ո՞ւր են այդ ակտիվիստները, որ ո՛չ հայրենիքի համար են դուրս գալիս փողոց, ո՛չ թանկացումների։

- Ես չգիտեմ՝ ուր են։ Որ ասում ես՝ հայրենիքի համար-բան, ես կռվել եմ, կռվից հետո եկել եմ ու պասիվություն եմ ցուցաբերում, որն իմ սահմանադրական իրավունքն է, իմ կարծիքով։

- Հիասթափություն կա՞ քեզ մոտ։

- Չեմ ասում՝ հիասթափություն կա։ Չէ, հիասթափություն չկա, իմ դուխն էլ միշտ տեղն ա, ուղղակի չեմ ուզում ներկա պահին շատ երեւալ որոշ տեղեր։ Ես հիմա իմ անձնականով եմ զբաղվում, իմ ինքնակրթությամբ եմ զբաղվում, հիմա աշխատում իմ վրա ավելի շատ, որովհետեւ լիքը բանից հետ եմ մնացել։

- Իսկ եթե այսօր տեսնես, որ էլի ինչ-որ մարդիկ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ թանկացումների, էլի հին իներցիայով կմիանա՞ս նրանց։

- Չեմ կարող ասել, միգուցե՝ այո, միգուցե՝ ոչ, չգիտեմ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն