Լավ, մենք ինչի՞ ենք ուզում հասնել, ու՞ր ենք ուզում հասնել. Հակոբ Բադալյան
Այսօր մի խոսք հանդիպեցի, թե բրիտանացիները պատրաստ են եղել Հայաստանի ջրային ռեսուրսների ոլորտում ներդնել 6 միլիարդ դոլար, այն էլ ցանկացած մասնաբաժնով: Լավ, մենք ինչի՞ ենք ուզում հասնել, ու՞ր ենք ուզում հասնել լսարանի հանդեպ այդպիսի վերաբերմունքով: Մենք ի՞նչ հանրություն ենք ուզում ունենալ, հանրային ի՞նչ մտածողություն, համաշխարհային կյանքի ու անցուդարձի ինչպիսի՞ ընկալում ու գնահատման ինչպիսի՞ ելակետեր:
Տարիներ առաջ մեր հանրության հանդեպ այդպիսի մի վարքագիծ ցուցաբերեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, հայտարարելով, թե պատրաստ են 8 միլիարդ դոլար ներդնել վերականագնվող էներգետիկայի ոլորտում: Երբ լրագրողները հնարավորություն էին ունեցել դեսպանին հարց ուղղել, թե կոնկրետ ի՞նչ սուբյեկտներ են պատրաստ, նա ասել էր, թե ինքը բարձրաձայնել է հենց Հայաստանի ֆինանսների նախարարության հաշվարկները: Այլ կերպ ասած, խոսքն ընդամենը այն մասին է եղել, թե վերականգնվող էներգետիկայի ոլորտում կա 8 միլիարդ դոլարի ներդրման հնարավորություն: Բայց, մի բան է տեսական հնարավորությունը, մեկ այլ բան այդ փողը ներդնելու կոնկրետ պատրաստակամության ու շահագրգռության առկայությունը:
Դեսպանների համար դա փույթ չէ, իրենք շատ հասկանալիորեն սպասարկում են իրենց երկրների շահերը եւ շատ բնական է, որ պետք է անեն հայտարարություններ ու ձեւակերպումներ, որոնք կձեւավորեն համակրանք իրենց երկրների հանդեպ:
Բայց, երբ այդպիսի արտահայտություններ են հնչում հայաստանյան, կամ հայկական հասարակական-քաղաքական միջավայրում, հարց է առաջանում՝ լավ, ինչի՞ են ուզում հասնել այդ հայտարարությունների հեղինակները:
Սրան ի պատասխան, դե գալիս է «ռսաստրկության» կամ «ռսահպատակության» մասին պրիմիտիվ մեղադրանքների տարափը, որովհետեւ չկա փաստարկ: Չկա նաեւ աշխարհի, նույն ԱՄՆ հետ, Ֆրանսիայի հետ, Բրիտանիայի հետ, Գերմանիայի հետ, արաբական աշխարհի հետ հարաբերվելու տնտեսական, քաղաքական բովանդակություն, չկա պատկերացում, ծրագիր, ջիղ, չկա անգամ այդ համակարգերում եղած ստվերային իրողությունների ընկալում եւ դրանց հհետ աշխատանքի պատկերացում (չնայած էստեղ կասեն ինչ ստվերային բան, ոնց է, ամեն ինչ միանգամայն թափանցիկ եւ բաց ):
Միջին վիճակագրական մեկ գործարարն այդ ամբողջ իմաստով թերեւս շատ ավելի պատրաստված է միջազգային հարաբերությունների առումով՝ թեկուզ ինտուիտիվ, քան ամբողջ քաղաքական միավորներ:
Հակոբ Բադալյան