Երևանի քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը քննարկվում է ավագանու նիստում. պարզաբանում
Քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը պետք է դրվի ավագանու նիստի օրակարգում, քննարկվի և ըստ ավագանու անդամների որոշման` թեկնածուն հաստատվի կամ չհաստատվի այդ պաշտոնում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Երևանի քաղաքապետի թեկնածուներ են առաջադրվել ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը և ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը:
«Քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը պետք է դրվի ավագանու նիստի օրակարգում և քննարկվի և, ըստ ավագանու անդամների որոշման, հաստատվի կամ չհաստատվի թեկնածուն: Որոշումը կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի կայքում: Ներկայումս որևէ անձի վերաբերյալ որևէ տեղեկություն չենք կարող տալ` մինչև Երևանի ավագանու նիստին չներկայացվի և չքննարկվի»,- ասել են քաղաքապետարանի լրատվության վարչությունից:
Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն` քաղաքապետն ունի մեկ առաջին տեղակալ և կարող է ունենալ ևս ոչ ավելի, քան 3 տեղակալ: Քաղաքապետի առաջին տեղակալը փոխարինում է քաղաքապետին վերջինիս բացակայության ժամանակ: Քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին: Քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երևանի ավագանու անդամ: Քաղաքապետի տեղակալներին պաշտոնից կարող է ազատել քաղաքապետը:
Tert.am