2021 թվականին Հայաստանում սպառողական վարկերի ծավալը նվազել է։ Որքա՞ն․ տվյալները դեռ ամփոփվում են։ Ուսումնասիրությունների համաձայն, տնային տնտեսությունների վարկային բեռը կամ պարտավորվածությունը ՀՆԱ կշռում չպետք է գերազանցի 36 տոկոսը։ 1 շնչի վարկային բեռ/ ՀՆԱ ցուցանիշը Հայաստանում կազմում է մոտ 30 տոկոս։ Փորձագետների կարծիքով՝ սա համահունչ է համաշխարհային զարգացումներին և ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից ռիսկեր չի պարունակում։

Պաշտոնական վիճակագրություն, թե որքան սպառողական վարկ ունի Հայաստանի յուրաքանչյուր չափահաս քաղաքացի, չկա, բայց տնտեսագետ Տաթևիկ Առուստամյանը «Ռադիոլուր»–ի խնդրանքով մոտավոր հաշվարկել է՝ հիմքում դնելով  2021թ տնային տնտեսությունների վարկերի ծավալը։ Հաշվարկում ներառված են սպառողական ու հիպոթեքային վարկերը․

«Մոտ 120 ԱՄՆ դոլար ՀՀ չափահաս քաղաքացու ամսական վարկային բեռն է, որը նա վճարում է  առևտրային բանկերին ու վարկային կազմակերպություններին։ Այսինքն, մեկ տարվա կտրվածքով ՀՀ–ում չափահաս քաղաքացին մարում է վարկ՝ մոտ 1400 դոլար»։

Մանրամասն տվյալներ, թե վարկային ինչ պատկեր է գրանցվել Հայաստանում 2021–ին,  դեռ չկան։ Հայտնի է միայն, որ վարկերի ծավալը 2021թ մոտ  4 տրիլիոն է կազմել։ Այս պահին կա նաև ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի նախնական դիտարկումը՝ համաձայն որի, անցյալ տարի Հայաստանում սպառողական վարկերը շարունակել են նվազել, հիպոթեքային վարկերը՝ ավելանալ․

«Մենք վարկավորման ընդհանուր ծավալների որոշակի անկում ունենք, սակայն հիփոթեքային վարկերի աճի տեմպը մոտ 30 տոկոսի շրջանակում է: Հիփոթեքային վարկավորման ծավալները շարունակել են մնալ բարձր՝ պայմանավորված նաև եկամտային հարկի արտոնությունների տրամադրմամբ»։

Բանկերի միության գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանն արձանագրում է՝ 2021թվականին առաջին ինն ամսում ընդհանուր  վարկային ներդրումները նվազել են 6․7 տոկոսով։ Դրամային ու դոլարային վարկերի ծավալները գրեթե նույնն են․ 

«Պետք է արձանագրել, որ բանկային համակարգը արժույթի փոխարժեքի ռիսկն իր վրա է վերցնում, և, ըստ էության, այս ցուցանիշերը մոտենում են միմյանց,ինչը դրական հանգամանք է։ Ինն ամսում կորերը հատվել են, և դրամով տրված վարկերը ավելին են, քան արտարժույթով տրվածները»։

Հունվար–սեպտեմբերի տվյալներով, սպառողական վարկերը, որոնք ամենամեծ տեսակարար կշիռն ունեն վարկային պորտֆելում, ընդհանուր վարկային պորտֆելի մոտ 24%-ն են կազմում։ Տարեսկզբի համեմատ կրճատվել են 10 անգամ։ Արդյո՞ ք վարկերի այս ծավալն անհանգստանալու հիմք տալիս է, ֆինանսական համակարգում կա՞ն ռիսկեր․  լսենք տնտեսագետ Տաթևիկ Առուստամյանին․

«Չնայած Հայաստանի տնտեսության աճի տեմպերը համահունչ չեն սպառողական վարկի աճի  տեմպերին, սակայն, ընդհանուր ֆինանսական համակարգի կայունության ապահովման տեսանկյունից մենք, որպես այդպիսին, ռիսկեր չունենք։ Այս մասին են վկայում չաշխատող վարկերի ծավալների կրճատումը՝ մոտ երկու անգամ։ Դրանք այսօր կազմում են 2,5–3 տոկոս»։ 

Ուսումնասիրությունների համաձայն, տնային տնտեսությունների վարկային բեռը ՀՆԱ կշռում չպետք է գերազանցի 36 տոկոսը։ Այդ ցուցանիշը՝ 1 շնչի վարկային բեռ/1 շնչի ՀՆԱ հաշվարկով, Հայաստանում կազմում է մոտ 30 տոկոս։ Տնտեսագետն ասում է, որ այն համահունչ է համաշխարհային ընթացիկ զարգացումներին, և ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից ռիսկեր չի պարունակում։ Տաթևիկ Առուստամյանը հիշեցնում է նաև կառավարության պարտք/ ՀՆԱ հարաբերակցության մասին։ Հայաստանի կառավարության պետական պարտքը 2020 թվականից հատել  է կարմիր գծի շեմն ու խախտել հարկաբյուջետային ոսկե կանոնը՝ գերազանցելով ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ի շեմը։ 2021–ին, նաև 2022-ին, բյուջեն նախագծելիս կառավարությունը պարտավորվել է «ձգել գոտիները»՝ վերադառնալու համար նախանշված շեմին։ 10 ամսում պետական պարտքը 15.6%-ով աճել է։ 

Պարտքերը ավելանում են ոչ միայն Հայաստանում։ Համաշխարհային պարտքը, ըստ փորձագիտական գնահատականների, ավելացել է 28 տոկոսով։ Սա անհանգստացնում է արժույթի միջազգային հիմնադրամին։ Այստեղ կարծում են, որ համաշխարհային պարտքն ու սպասարկման բեռը  կարող են խոչընդոտել  զարգացող երկրների տնտեսությունների վերականգմանը։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն