44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողներին համաներելու գործընթացը նորից սկսվել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողներին համաներելու գործընթացը նորից սկսվել է։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ այդ հարցի շուրջ քննարկումներն իրավապահ համակարգում նորից մեկնարկել են։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները կարծում են, որ խիստ անհրաժեշտ է համաներման գործընթացը` քրեական գործերի թեթեւացման համար: Արդյունքում իրավապահ համակարգում այս հիմնավորմամբ սկսվել է զինվորականների համաներման նախագծի նոր քննարկում, նոր լրացումներ են կատարվում հին տեքստի վրա, եւ չի բացառվում, որ առաջիկայում նոր նախագիծը կտեղադրվի էլեկտրոնային նախագծերի միասնական հարթակում:
Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն նման նախագիծ առաջարկել էր 2021 թվականի օգոստոսին։ Այն տեղադրվել էր այդ հարթակում, սակայն ավելի ուշ գործընթացը կասեցվել էր։ Հիմա կփորձեն կրկին համաներում անել, տեսնենք` այս գործընթացն ինչով կավարտվի։
Թեեւ վիճակագրություն չի նշվում ու հայտնի չէ, թե ընդունելու դեպքում քանի հոգու վրա կտարածվի համաներումը, բայց նախագծում նշվում է, որ կհամաներվեն ինչպես մինչեւ պատերազմի սկիզբը՝ սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձինք, այնպես էլ ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչեւ մարտի 24-ը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայողները։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
ArmLur.am