Այս ամենի մեղավորը Կենտրոնական բանկն է. նա է ամենաթողություն տվել ապահովագրական բյուրոյին
Էս ամենի մեղավորը Կենտրոնական բանկն է, որը ամենաթողություն է տվել ապահովագրական բյուրոյին։ Կարելի է ասել, որ իրականում ապահովագրական ընկերություններն էլ որոշակիորեն մեղավոր չեն, որովհետև այնքան են սահմանափակումներով նրանց «բարձել», որ ստիպված գնում են որոշակի քայլերի, որ իրենց պարտքերը փակեն։ Այս մասին քիչ առաջ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ԿԲ-ի մոտ ասաց ակցիայի մասնակից վարորդներից մեկը։
«Մեր ակցիան Կենտրոնական բանկի դեմ է, երկուշաբթի այդ փոփոխությունը ուժի մեջ մտնելու օրն է։ Երկուշաբթի էլ մենք պատրաստվում ենք ապահովագրական բյուրոյին էլ հիշեցնել մեր շնչի մասին։ Եթե մինչեւ երկուշաբթի որոշում չկայացրին այս հարցի վերաբերյալ, մենք էլ արդեն կմտածենք համարժեք ու ադեկվատ քայլեր ձեռնարկելու մասին, քայլեր կձեռնարկենք արդեն բյուրոյի դեմ։ Ակնկալել, որ հիմա Կենտրոնական բանկից մարդ, ներկայացուցիչ է իջնելու ներքև, դա իհարկե հեքիաթ ու երազ կլինի։ Դուռն էլ է փակ ու մեզ իրականում երևի լսող էլ չկա։ Բայց նրանք վաղուց են տեղյակ, որ այսօր գալու էինք, մեր պահանջներին էլ շատ լավ տեղյակ են, իսկ պահանջները իրականում այդքան էլ բարդ չեն։ Պահանջում ենք վերացնել փոփոխության վերաբերյալ այդ որոշումը, մինչեւ հանրային քննարկումներ կիրականացվեն ու ժողովրդի արձագանքը կլսեն։ ԱՊՊԱ-ի թանկացմանը ոչ ասելու վերաբերյալ մենք մեզ հետ թղթեր ենք բերել, որոնք թողնելու ենք այստեղ, ճանապարհին էլ իրազեկում ենք իրականացրել։ Այո, նախորդ ակցիայի ժամանակ մեքենաներ էին տարվել տուգանային հրապարակ, բայց այդ մեքենաները արդեն վերադարձվել են, ամեն ինչ կարգին է։ Նրանք, ովքեր ասում են, թե մեքենաները երկրորդ, երրորդ շարք են կանգնած եղել, դրա համար են տարվել տուգանային, երթևեկությունից պարզապես բան չեն հասկանում, որովհետև ոստիկանությունը նախորդ ակցիային հենց ինքն էր կանգնեցրել երթևեկությունը ու հենց ինքն էր իրականում նման իրավիճակի պատճառ հանդիսացել»,- ասաց նա։
Hraparak.am